Tsinghua University’s School of Life Sciences-ի գիտնականները նոր թեստ են մշակել, որի օգնությամբ քաղցկեղի շատ տարատեսակներ հնարավոր կլինի ախտորոշել արյան մեկ կաթիլով:
Թեստում օգտագործվում է Hsp90a սպիտակուցը, որը հայտնաբերվել է 24 տարի առաջ, բայց դրա արհեստական տարբերակը միայն հիմա է հաջողվել սինթեզել: Սպիտակուցի արհեստական տարբերակը հնարավոր է քաղցկեղի շատ տեսակների համար որպես բիոմարկեր օգտագործել:
Մասնագետները կլինիկական փորձարկումներ են կատարել Չինաստանի 8 հիվանդանոցների 2347 հիվանդների մասնակցությամբ: Հետազոտությամբ պարզվել է, որ թեստի օգնությամբ կարելի է հաջողությամբ ախտորոշել թոքերի քաղցկեղը: Հետազոտողների խոսքով՝ թեստը հնարավոր է օգտագործել նաեւ քաղցկեղի այլ տեսակների ախտորոշման համար:
Այսօր քաղցկեղային հիվանդությունների ախտորոշման համար բավական հաճախ օգտագործվում է բիոպսիան, որի ընթացքում կասկածելի ուռուցքից հյուսվածքներ են վերցվում, որոնք հետո ախտաբանը հետազոտում է չարորակ բջիջների առկայությունը ստուգելու համար: Եթե գիտնականների մշակած թեստը լայնորեն հասանելի դառնա, ապա զգալիորեն կհեշտացնի քաղցկեղի ախտորոշումը եւ շատ դեպքերում կօգնի բիոպսիայից խուսափելուն:






