Բարձր ինտելեկտով տղամարդիկ 31 տոկոսով ավելի հաճախ են աուտիզմով ծնված երեխաներ ունենում, պարզել են Կարոլինի համալսարանի (Ստոկհոլմ) գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները ներկայացվել են Սան Ֆրանցիսկոյում կայացած աուտիզմի հետազոտության մասնագետների Միջազգային հանդիպման ժամանակ:

Հետազոտողները հավաքել են 309,803 երեխաների բժշկական փաստաթղթերը, որոնց հայրերը Շվեդիայի բանակ են զորակոչվել՝ բարձր միավորներ հավաքելով ինտելեկտի գործակցի շվեդական թեստի տեխնիկական մասով: Պարզվել է, որ 111-ից սկսած եւ ավելի բարձր IQ-ով տղամարդիկ մեկ երրորդով ավելի հաճախ են ունեցել աուտիզմով ծնված երեխաներ, քան նրանք, ում IQ-ն մոտ 100 է եղել: Հետազոտության ընթացքում հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսին են կրթության մակարդակը, ընտանիքի սոցիալ-տնտեսական կարգավիճակը, ծնողների տարիքը եւ այլն:

Ըստ որում՝ հոր IQ-ի կապը մտավոր հետամնացության կամ երեխաների ուշադրության պակասի եւ հիպերակտիվության համախտանիշի (ՈւՊՀՀ) զարգացման վտանգի հետ հակադարձ է եղել: Այսպես՝ 75 եւ պակաս IQ-ով տղամարդկանց դեպքում նրանց երեխաների մոտ ՈւՊՀՀ-ն միջինից 65 տոկոսով բարձր է եղել:

Ըստ որում՝ հետազոտության հեղինակները նշել են, որ ստացած տվյալները, միեւնույն է, չեն կարող բացատրել, թե որն է աուտիզմի առաջացման պատճառը: Դրանից զատ, հետազոտության ընթացքում հաշվի չեն առնվել մայրերի տվյալները: Այս տեղեկություններն անհասանելի են եղել՝ եթե հայրերի մասին տեղեկությունները հետազոտողները ստացել են բանակային արխիվներից, ապա մայրերի տվյալները ոչ մի տեղից ստանալ չէին կարող: