Գիտնականներին հաջողվել է առողջ սերունդ ստանալ մկներից, որոնց փոխպատվաստվել են 3D պրինտերով տպագրված ձվարաններ: Հետազոտության արդյունքները ներկայացվել են Nature Communications ամսագրում:
Գիտնականները որպես պրինտերի «թանաք» օգտագործել են դոնդողանյութը: Որպես կանոն, այս նպատակով օգտագործվում են հիդրոգելերը, որոնք հազվադեպ են օրգանիզմից անջատվում, իսկ օրգանները ծակոտկեն կառուցվածք ունեն, ինչը թույլ է տալիս փոխազդել տիրոջ արյան եւ հյուսվածքների հետ: Հիդրոգելերը 99 տոկոսով ջրի եւ պոլիմերի փոքր քանակի խառնուրդ են: Դրանք բավական փափուկ են, սակայն հետազոտության հեղինակները գտել են դրանք ճկուն եւ բավարար կարծր դարձնելու եղանակը:
Յոթ մկներից, որոնց տպագրված ձվարաններ են փոխպատվաստել, երեքը հաջողությամբ սերունդ են ունեցել: Լույս աշխարհ եկած բոլոր մկնիկները ամրապինդ եւ առողջ են եղել: Դրանից բացի, էգերը պահպանել են նաեւ կրծքով կերակրելու ունակությունը, ուստի նույնիսկ իսկական ձվարանները հեռացնելուց հետո հորմոնները շարունակել են իրենց գործն անել:
Հիմա գիտնականների խումբը ծրագրում է ստեղծել ավելի խոշոր արհեստական ձվարաններ եւ այն թեստավորել անպտղությամբ տառապող խոզերի վրա: Եթե մյուս փորձերը եւս հաջող անցնեն, հնարավոր կլինի աստիճանաբար սկսել նաեւ մարդկանց հետ աշխատել: Սա հատկապես գործուն կլինի օնկոլոգիական հիվանդների համար, որոնք դեռեւս սեռական հասունացման չեն հասել. նրանց այսպիսի արհեստական ձվարաններն անհրաժեշտ են, որոնք կհասունանան իրենց հետ միասին:






