Գիշերային ժամերին ջերմաստիճանի բարձրացումը բացասաբար է ազդում քնի վրա: Նման եզրահանգման են եկել Քալիֆորնիայի համալսարանի մասնագետները, որոնց հետազոտությունը հրապարակվել է Science Advances ամսագրում:

Հետազոտության համար առիթ է դարձել 2015 թվականին Սան Դիեգոյում գրանցված աննախադեպ շոգը, Eurekalert կայքին ասել է հեղինակներից Նիկ Օբրադովիչը: Նա նշել է, որ ինչպես ինքը, այնպես էլ շատերն այդ շրջանում տառապում էին անքնությունից: Դա ստիպել է ստուգել՝ արդյո՞ք ինչ-որ օրինաչափություն կա գիշերային ժամերին ջերմաստիճանի տատանումների եւ քնի որակի միջեւ:

Մասնագետներն ուսումնասիրել են ավելի քան 765 հազար բնակիչների բժշկական ընդհանուր հետազոտության տվյալները, որոնք հավաքվել են 2002-2011 թվականներին: Գիտնականները համադրել են քնի անբավարարության դեպքերն ու գրանցված եղանակային պայմանները:

Արդյունքում պարզվել է, որ եթե ջերմաստիճանի աճը կազմում է մեկ աստիճան՝ ըստ Ցելսիուսի, այն հանգեցնում է 100-ից երեք հոգու անքնության: Գիշերային ժամերին ջերմաստիճանի բարձրացումը բացասաբար է ազդում հատկապես ամռանը: Գիտնականները նաեւ նշել են, որ նյութապես ավելի նվազ ապահովված եւ 65 տարեկանն անց մարդիկ ավելի զգայուն են արձագանքում ջերմաստիճանի տատանումներին: