Դիաբետով հիվանդները հաճախ են բախվում տարբեր տեսակի բարդությունների, այդ թվում՝ ոտնաթաթի խնդիրների. ոտնաթաթի վրա կարող են առաջանալ խոցեր, որոնք դժվար է բուժել արյան վատ շրջանառության պատճառով:

Որոշ դեպքերում վարակի պատճառով ոտքը ստիպված անդամահատում են: University of Montreal-ի գիտնականները նոր միջոց են առաջարկել, որը կարող է նպաստել վերքերի արագ ապաքինմանը:

Հյուսվածքների ռեգեներացիայի հարցում կարեւոր դեր են խաղում մակրոֆագերը: Դրանք պատասխանատու են բորբոքային եւ հակաբորբոքային  պրոցեսների համար եւ արագացնում են ապաքինումը: Գիտական խմբի անդամ, պրոֆեսոր Ժան Ֆրանսուա Կելյեն պատմել է, որ հաջողվել է վերահսկել մակրոֆագերի ակտիվությունը՝ դրանց վրա ազդելով MFG-E8 սպիտակուցի միջոցով: Գտնվելով վերքի հատվածում՝ այդ սպիտակուցը խթանում է մակրոֆագի ռեկոնստրուկտիվ եւ հակաբորբոքային ֆունկցիաները: Եթե MFG-E8-ը ակտիվ չէ, մաշկն ավելի դանդաղ է վերականգնվում:

Նոր մեթոդը հիմնված է բջիջների ադապտիվ փոխանցման վրա: Այս դեպքում բուժման համար օգտագործվում են հիվանդի սեփական բջիջները. սովորաբար նման միջոցն օգտագործվում է քաղցկեղի բուժման ժամանակ, բայց, պարզվում է, մաշկի ռեգեներացիայի համար այն նույնպես հարմար է:

Գիտափորձերի ընթացքում մասնագետները վերցրել են մկան ցողունային բջիջները, ներազդել MFG-E8 սպիտակուցի միջոցով, այնուհետեւ նորից տեղափոխել մկների օրգանիզմ: Արդյունքում վերքերի ապաքինումն էապես արագացել է: