Չինական Հունան նահանգից Վան ազգանունով տղամարդը գրեթե 20 տարի ապրել է թոքերի մեջ պլաստիկե կափարիչով։ Բանն այն է, որ 1990-ական թվականներին կափարիչը մնացել է նրա քթի մեջ, իսկ հետո մոռացել է այդ մասին, քանի որ փոքր երեխա է եղել։ Տարիների ընթացքում տղամարդուն տանջել են հազի նոպաները, բայց հիվանդանոց դիմել է միայն այն ժամանակ, երբ սկսել է արյուն թքել, հայտնում է Metro-ն։
Բժիշկներն ապշել են, երբ տղամարդու թոքի մեջ գտել են կափարիչը։ Վանը նրանց պատմել է, որ վեց տարեկանից կրծքավանդակի շրջանում տհաճ զգացողություններ ուներ, նաեւ քրոնիկ հազ։ Էնդոսկոպիայի արդյունքում բժիշկները պարզել են, որ սուր առարկան խանգարել է շնչառական ուղիների աշխատանքին։
Այդուհանդերձ, բժիշկներին հաջողվել է հեռացնել կափարիչը։ Մի քանի օրից Վանին դուրս կգրեն հիվանդանոցից։ Նրա խոսքով՝ նախկին ախտանշաններն այլեւս չեն տանջում իրեն։










