Տարեց մարդկանց օրգանիզմի մեջ երիտասարդների արյան փոխպատվաստումը նվազեցնում էր քաղցկեղի ու Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը ու հանգեցնում էր օրգանների ու որոշ բջիջների ընդհանուր երիտասարդացմանը, հայտնում է New Scientist ամսագրի կայքը։

«Ես չեմ ուզում օգտագործել «պանացեա» բառը, բայց մենք բացահայտել ենք մի տարօրինակ բան, որը վերաբերում է դեռահասների արյանը։ Դրա մեջ պարունակվող ինչ -որ մի բան «շրջում է» ծերացման գործընթացը ու ստիպում է օրգանիզմին հետ գնալ»,- մեջբերում էօնլայն պարբերականը բժիշկ ու ձեռներեց Ջես Կարմազինին։

Անցած տարի Կարմազինը հիմնել էր Ambrosia ստարտապը ու կազմակերպել զանգվածային կլինիկական փորձարկումներ՝ երիտասարդ մարդկանց արյունը տարեցներին փոխպատվաստելու հետեւանքներին հետեւելու համար՝ հավաքելով վեց հարյուր կամավորականներից բաղկացած խումբ։ Նրանցից յուրաքանչյուրը համաձայնել է վճարել ութ հազար դոլար բուժակարգի համար ու պատասխանատվություն ստանձնել դրա հնարավոր հետեւանքների համար։ Նման մոտեցումը առաջացրել է գիտնականների դժգոհությունը, որոնք Կարմազինին համարում են «կասկածելի անձնավորություն, որը գումարներ է վաստակում մարդկանց վստահության հաշվին»։

Ambrosia-ի գործունեության նկատմամբ նման վերաբերմունքը կապակցված է նրա հետ, որ այսօր կենսաբանների շրջանում չկա փոխհամաձայնություն այն հարցի շուրջ՝ արդյոք այդ բուժակարգը հանգեցնում է իրական երիտասարդեցման, թե պարզապես դանդաղեցնում է ծերացումը։ Ավելին, այս ոլորտի երկու առաջատար փորձագետների վերջին հետազոտությունը հակառակ արդյունքներն է ունեցել։

Կարմազինի խոսքով, որը նկարագրել է առաջին թեստերի արդյունքները, փոխպատվաստումից օգուտ կա՝ տարեց մարդիկ, որոնք նման բուժակարգեր էին անցնում Ambrosia-ում, շատ ավելի քիչ էին հիվանդանում Այցհեյմերով կամ քաղցկեղով, քան միջին ամերիկացիները։ Բացի դրանից նրանց օրգանիզմում նվազում էր առողջական հնարավոր խնդիրների մասին վկայող մոլեկուլների խտությունը։

Օրինակ, խոլեստերինի խտությունը նրանց արյան մեջ նվազում էր 10 տոկոսով, իսկ քաղցկեղի ցուցիչները՝ 20 տոկոսով, իսկ նյարդային համակարգում բետա- ամիլոիդների գնդիկների քանակը, որը վկայում է Ալցհեյմերի հիվանդության հնարավոր զարգացման մասին, նույնպես նվազում էր 20 տոկոսով։ Ձեռներեցը նշում է, որ Ambrosia-ի այդ հիվանդության զարգացման վաղ ու ուշ փուլերում գտնվող երկու հաճախորդների վիճակը մի քիչ լավացել էր։

Գիտնականները վաղաժամ են համարում խոսել փորձարկումների հաջողության մասին, քանի որ Կարմազինը չ ի ունեցել հսկիչ խումբ, որը թույլ կտար առանձնացնել ինքնաներշնչանքի հետեւանքները օրգանիզմի աշխատանքում իրական փոփոխություններից։ Ձեռներեցն ինքը ամբողջությամբ կողմ է նման ձեւաչափով հետազոտությունների իրականացմանը, բայց նշում է, որ դրանք չափից բարդ է կազմակերպել, քանի որ ոչ բոլոր մարդիկ են պատրաստ վճարել պլացեբոյի համար։