Գաստրոշունտավորումից հետո յուրաքանչյուր հինգերորդ հիվանդը միջինում 7 տարի ափիոնային դեղամիջոցներ է ընդունում: Այս մասին հայտնում են University of Pittsburgh Graduate School of Public Health-ի գիտնականները:

Ճարպակալմամբ տառապող որոշ հիվանդներ վիրաբուժական այս միջամտությանն են դիմում` ցանկանալով ավելորդ քաշից ազատվել: Գիտնականների հաշվարկով, սակայն, գաստրոշունտավորում անցած մեծահասակ մարդկանց մոտ 20 տոկոսը հետագայում դեղային կախվածություն է ձեռք բերում ափիոնային հիմքով դեղատոմսային ցավազրկողների պատճառով: Չնայած հիվանդների զգալի մասը մի քանի ամսում հետվիրահատական ցավազրկողներից  հրաժարվում է, վիճակագրությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր հինգերորդի մոտ ափիոնային դեղամիջոցների ընդունումը վերածվում է բազմամյա կախվածության: Ավելին` հիվանդները բավականին հաճախ են բախվում նման կախվածությանը` նույնիսկ եթե նրանց վերականգնման ժամանակահատվածում կախվածություն առաջացնող ափիոնային դեղեր չեն նշանակել:

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը վերջերս հրահանգներ է ներկայացրել` հիմնված բժիշկների կլինիկական պրակտիկայի վրա, որոնցում նշված է, որ քրոնիկական ցավի դեմ պայքարելու համար չպետք է ափիոնային դեղամիջոցներ նշանակվեն: Ցավոք, ԱՄՆ-ում վիրաբույժներից շատերը շարունակում են ստամոքսի փոքրացման վիրահատության ենթարկված իրենց հիվանդներին նշանակել այս հզոր ցավազրկող դեղամիջոցները:

Հետազոտության հեղինակները նշում են , որ Ամերիկայում ափիոնային  կախվածությունը սպառնալից տարածում է ստանում, իսկ դեղատոմսային դեղերի գերչափաքանակից մահանում են ե՛ւ հայտն ի անհատներ, ինչպես Հիթ Լեջերը, ե՛ւ հասարակ մարդիկ: Հետազոտությամբ չի ապացուցվում, որ գաստրոշունտավորումը մեծացնում է ափիոնային կախվածությամբ զոհերի թիվը, սակայն այն ցույց է տալիս, որ վիրահատված հիվանդների շրջանում այս ցավազրկողների լայն օգտագործումը վտանգավոր սովորության զոհերի թվի պահպանման պատճառներից մեկն է: