Հյուսիսային Կարոլինայի համալսարանի ամերիկացի գիտնականները ուղեղի սքանավորման մեթոդ են մշակել, որի շնորհիվ հնարավոր է ճշգրիտ կանխատեսել նորածինների մոտ աուտիզմի զարգացումը:
Ռոբերտ Էմերսոնի ղեկավարությամբ գիտնականների ստեղծած մեթոդիկան 6 ամսական նորածինների շրջանում 96 տոկոս ճշգրտություն ունի, որը շատ ավելի ճշգրիտ է, քան մյուս ստուգումները: Գիտնականներն օգտագործել են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան, որպեսզի որոշեն ուղեղի անատոմիայի տարբերությունները եւ կանխատեսեն, թե որ երեխաների մոտ աուտիզմ կզարգանա: Մինչեւ հիմա ճշգրիտ ախտորոշում կատարելն անհնար էր, մինչեւ երեխան չէր սկսում դրսեւորել վարքի ավելի ծանր սոցիալական մոդելներ, որպես կանոն՝ մոտ 2 տարեկանում:
Նոր փորձում երեխաներին դրել են ՄՌՏ սարքի մեջ եւ մոտ 15 րոպեի ընթացքում սքանավորել՝ գլխուղեղի մոտ 230 տարբեր շրջաններում նեյրոնային ակտիվությունը վերլուծելու համար: Հետազոտողները վերլուծել են, թե ուղեղի տարբեր շրջանները միմյանց հետ որքան համաժամանակ են գործում: Այս համաժամանակությունն արտացոլում է ուղեղի հատվածների համաձայնեցված գործունեությունը, որը վճռական նշանակություն ունի ճանաչելու, հիշողության եւ վարքի համար, եւ կարող է դիտարկվել քնած ժամանակ: Փորձագետներն այնուհետեւ կենտրոնացել են գլխուղեղի կապերի հետազոտման վրա այն շրջաններում, որոնք կապված են աուտիզմի հիմնական առանձնահատկությունների հետ՝ խոսելու հմտությունների, կրկնվող եւ սոցիալական վարքի:
Ստացած տվյալների շնորհիվ Էմերսոնն իր գործընկերների հետ համակարգչային ծրագիր է ստեղծել ուղեղի այս առանցքային շրջանների միջեւ համաժամանակացման տարբերությունների տեսակավորման համար: Գիտնականներն այնուհետեւ փորձեր են անցկացրել 6 ամսական 974 փոքրիկների մասնակցությամբ, եւ ստացած արդյունքը հրաշալի է եղել, ասում են նոր մեթոդի հեղինակները:
«Կարծում եմ, որ ամենահետաքրքիր աշխատանքը դեռեւս առջեւում է, երբ այս կանխատեսումները կատարելու համար տեղեկությունների մի մասն օգտագործելու փոխարեն, մենք ամբողջ տեղեկությունները միասին կօգտագործենք»,- ասել է Էմերսոնը: Նա հավելել է, որ բուժման վաղ միջամտությունը, որն ուղղված է կարեւոր հաղորդակցությունների եւ սոցիալական հմտությունների մշակմանը նպաստելուն, երեխային կօգնի լուծել նման խնդիրները:






