Մասնագետներից շատերը կոչ են անում ամեն տարի պատվաստվել գրիպի դեմ, սակայն խնդիրն այն է, որ պատվաստանյութը ոչ բոլոր դեպքերում է ազդում: Հյուսիսային Կարոլինայի համալսարանի իրականացրած հետազոտություններով պարզվել է, որ մարդու մոտ ճարպակալման առակայությունը նվազեցնում է պատվաստման արդյունավետությունը: Ավելին՝ ճարպակալումը մեծացնում է գրիպով վարակվելու հետեւանքով մահվան հավանականությունը:

Գիտնականները պատվաստման արդյունավետության վրա քաշի ազդեցությունը հետազոտել են առողջ քաշով եւ ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ 1022 մարդու օրինակով: Բոլոր կամավորներին 2013-2014 եւ 2014-2015 թվականների համաճարակային սեզոնին գրիպի դեմ սեզոնային պատվաստում են կատարել: Փորձագետները գնահատել են մարդկանց ինքնազգացողությունը եւ նրանց մարմնում գրիպի վիրուսի դեմ հակամարմինները:

Պարզվել է, որ ճարպակալումը 2 անգամ մեծացրել է գրիպի եւ մրսածության հետեւանքով առաջացած հիվանդությունների հավանականությունը: Ճիշտ է, հակամարմինների մակարդակում տարբերություններ չեն հայտնաբերվել: Նշենք, որ նախկինում ապացուցվել է, որ ճարպակալմամբ տառապող մարդկանց մոտ իմունային T բջիջների պատասխանը գրիպի դեմ պատվաստանյութի ներարկմանը սխալ է գործում:

Հետազոտության մասին հայտնում է International Journal of Obesity ամսագիրը: