Delta Air Lines-ի ուղեւորներից մեկը դատի է տվել ավիաընկերությանը՝ առջեւի նստատեղի գրպանում մնացած ասեղի համար, որով նա ծակել է մատը։
TMZ-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել օդանավում, որը 2015 թվականին Լոս Անջելեսից Ատլանտա չվերթն է իրականացրել։ Գաբրիել Իբարայի խոսքով՝ ինքը նստատեղի գրպանից ցանկացել է վերցնել իր դրամապանակը, այդ պահին ասեղը ծակել է մատը։ Երբ տղամարդը հանել է այն, վերքը սկսել է ուժեղ արյունահոսել։
Պատահածից հետո Իբարան բժշկի է դիմել։ Նա ստիպված է եղել մեկ տարվա ընթացքում անալիզներ հանձնել՝ ՄԻԱՎ-ը ստուգելու համար։ Բացի այդ՝ բժիշկները նրան հզոր դեղամիջոցներ են նշանակել, որպեսզի վստահ լինեն, որ նա ոչնչով չի վարակվի։
Ըստ հայցի՝ դեղամիջոցներն Իբարայի մոտ առաջացրել են գլխապտույտ, գլխացավ ու ցավեր ամբողջ մարմնում, նաեւ «դիարեա»։ Բացի այդ, տուժածի խոսքով, ինքը մի քանի ամիս շարունակ չի կարողացել կատարել իր «ամուսնական պարտականությունները»։
Ավիափոխադրողի կողմից որեւէ մեկնաբանություն չի եղել։






