Գարունն արդեն եկել է, եւ շուտով մենք կհավաքենք տաք շորերն ու կնախապատրաստվենք կիսավարտիքների եւ լողազգեստերի սեզոնին: Սակայն մեզանից շատերը ձմռան ընթացքում մի քանի կիլոգրամով գիրացել են, եւ ցանկալի կլիներ ազատվել դրանցից նախքան բաց հագուստ կրելը:

«Հետազոտությունները ցույց են տվել, որ ձմռան ընթացքում մարդիկ գիրանում են միջինը 3-4 կգ-ով», - ասել է ամերիկացի դիետոլոգ Էլիզաբեթ ԴեՌոբերտիսը: «Շատերին այդպես էլ չի հաջողվում ամռան ընթացքում դրանցից ազատվել, եւ կիլոգրամները տարի առ տարի շարունակում են կուտակվել», - պատմել է նա Newmax Health-ին:

Իսկ շատերին չի հաջողվում նիհարել, որովհետեւ նրանք նիհարելու շատ բարդ միջոց են ընտրում, եւ միանգամից հիասթափվում են, շարունակում է ԴեՌոբերտիսը: «Դա հիմնականում նրանից է, որ այդպիսի մարդկանց մոտ ավելորդ քաշի դեմ պայքարելու պլան չի լինում, նրանք պարզապես հիմնվում են իրենց կամքի ուժի վրա, օրերով սոված են մնում, իսկ այնուհետեւ սկսում են շատ ուտել եւ քաշը նորից վերադառնում է: Իսկ ամառն արդեն մոտ է՝ իր խորովածներով, երեկույթներով եւ այլ զվարճանքներով»:

Նիհարելու գործընթացը չպետք է բարդ լինի, եւ մարդն ամբողջ ժամանակ չպետք է իրեն օտարացված զգա: Փորձեք քաշ կորցնելու հետեւյալ պարզ միջոցները ԴեՌոբերտիսից.

1. Կշռվեք շաբաթվա ընթացքում մեկ անգամ: «Չնայած այն բանին, որ բազմաթիվ դիետոլոգներ պահանջում են օրագիր պահել, որտեղ մանրամասն գրանցված կլինի թե օրվա ընթացքում դուք ինչքան եք կերել եւ կշռել՝ աղյուսակներով եւ գրաֆիկներով, նման մոտեցումը կարող է հոգնեցուցիչ լինել եւ բացասական անդրադառնալ վերջնական նպատակի վրա»,- ասում է նա: Շաբաթական մեկ անգամ կշռվելը ցույց կտա քաշի փոփոխության իրական պատկերը՝ առանց հեղուկի կորստի հետեւանքով փոփոխությունների:

2. «Ոչնչացրեք» ձեր ափսեն: Հենց որ դուք հասկանաք, որ արդեն կշտացել եք, իսկ ափսեի մեջ դեռեւս ուտելիք կա, որեւէ բան արեք այն փչացնելու համար՝ վրան աղաման կամ պղպեղի աման շուռ տվեք կամ ծածկեք այն անձեռոցիկով: «Հնարավոր է, որ դա տարօրինակ է հնչում, բայց եթե դուք արդեն ափսեի պարունակության երեք քառորդը կերել եք եւ ծածկում եք ափսեն անձեռոցիկով, ապա հազիվ թե հետո ցանկանաք շարունակել խնջույքը»,- ասում է ԴեՌոբերտիսը:

3. Ճիշտ ափսե ընտրեք: «Ապացուցված է, որ կապույտ ափսեներն ընկճում են ախորժակը, իսկ կարմիրները եւ ոսկեգույններն ավելացնում»,- ասում է նա: Եւ հետո, ավելի լավ է ուտել փոքր ափսեներից՝ այդպես դուք ավելի քիչ կուտեք:

4. Ամեն ուտելուց առաջ ջուր խմեք: Շարունակեք խմել ամբողջ օրվա ընթացքում:

5. Դանդաղ կերեք: Մարդիկ, որոնք արագ են ուտում, սովորաբար շատ են ուտում, ասում է ԴեՌոբերտիսը, քանի որ ուղեղը չի հասցնում ընկալել, որ մարդը կշտացել է:

6. Շատ շարժվեք: Վերելակի փոխարեն աստիճաններով բարձրացեք: Երկու կանգառ շուտ իջեք եւ քայլեք, կամ վազեք ձեր շան հետ միասին:

7. Առանց շաքարի սննդամթերք ընտրեք: Ձգտեք ուտել սպիտակուցային սնունդ եւ բանջարեղեն: