Ձիավարությունը կարող է օգնել զգալիորեն բարելավել ուղեղի կաթված տարած մարդկանց վիճակը: Այս մասին հաղորդել են Շվեդիայից եւ Ավստրալիայից գիտնականները:
Նրանց խոսքով՝ ձիավարությունն օգտակար է նույնիսկ նրանց համար, ովքեր կաթված են տարել 5 տարի առաջ: Այն դրական է ազդում հավասարակշռության, քայլվածքի, կոգնիտիվ ֆունկցիաների վրա: Գիտնականների խոսքով՝ բանն այն է, որ ձիավարությունը զգացողություն է պարգեւում, որը մարդիկ սովորաբար ստանում են քայլելու ընթացքում:
Հետազոտությանը Շվեդիայից 123 կամավոր է մասնակցել, որոնք կաթված են տարել 10 ամսից 5 տարի առաջ: Կամավորներին երեք խմբի են բաժանել. առաջին խումբը 12 շաբաթվա ընթացքում շաբաթական երկու անգամ ձիավարել է, երկրորդ խումբը երաժշտական թերապիայի է մասնակցել, երրորդը խմբի կամավորները ստանդարտ խնամք են ստացել:
Հետազոտությունը ցույց է տվել, որ հավասարակշռության պահպանման, քայլվածքի, կոգնիտիվ ֆունկցիաների թեստերից առաջին խմբի անդամների միջին միավորները 10%-ով բարձրացել են, իսկ երրորդ խմբի կամավորներինը՝ 0.5%-ով նվազել: Առաջին խմբի կամավորների 56%-ի մոտ դրական արդյունքը պահպանվել է առնվազն 6 ամիս: Երկրորդ խմբի անդամների մոտ միջին միավորները բարձրացել են 5%-ով, իսկ դրական արդյունքն առնվազն 6 ամիս պահպանվել է կամավորների 43%-ի մոտ:






