Վաղ դաշտանադադարը կանանց մոտ մի շարք հիվանդությունների հետ է կապված, իսկ ուշ դաշտանադադարը, պարզվում է, նվազեցնում է կաթվածի առաջացման հավանականությունը։ Ֆլորիդայի համալսարանի հետազոտողները պնդում են, որ վերարտադրողականության յուրաքանչյուր լրացուցիչ տարին կաթվածի հավանականությունը նվազեցնում է 3 տոկոսով։

Գիտնականների խոսքով՝ եթե կնոջ կյանքի վերարտադրողական ժամանակահատվածը կազմում է 36-ից մինչեւ 40 տարի, նրա օրգանիզմը կաթվածից եւ ստենոկարդիայից պաշտպանվելու առավելագույն հնարավորություն է ստանում։ Այս հետազոտության արդյունքները եւս մեկ անգամ հաստատում են կանանց շրջանում սրտանոթային հիվանդությունների կանխարգելման գործում էստրոգեն հորմոնի պաշտպանական դերը։ Նախկինում գիտնականներն ապացուցել են, որ էստրոգենը արյունատար անոթներն ավելի առաձգական է դարձնում՝ դրանց թույլ տալով ավելի հեշտ ընդարձակվել եւ սեղմվել։ Արյունատար անոթների ճկունության բացակայությունը սրտի հիվանդությունների հայտնի պատճառն է։

Հետազոտողները վերլուծել են 60 տարեկանից մեծ 3081 կանանց մասին տեղեկությունները։ Նրանք պարզել են, թե նրանց մոտ երբ է առաջին անգամ դաշտանը սկսվել եւ երբ են մտել դաշտանադադարի մեջ։ Կանանց 2 խմբի են բաժանել․ առաջին խմբի մեջ ընդգրկվել են նրանք, որոնց մոտ առաջին եւ վերջին դաշտանի միջեւ ավելի քան 30 տարի է անցել, իսկ երկրորդ խմբում են հայտնվել այն կանայք, որոնք 30 վերարտադրողական տարուց պակաս են ունեցել։ Հետազոտության մասնակիցները նաեւ պատասխանել են սրտի եւ անոթների հիվանդությունների հետ բախվելու վերաբերյալ հարցին։

Ստացած տեղեկատվության վերլուծությամբ պարզվել է, որ կյանքի վերարտադրողական ժամանակահատվածի մեծ տեւողությունը էապես նվազեցնում է կաթվածի եւ ստենոկարդիայի հավանականությունը։ Վերարտադրողական ժամանակահատվածի յուրաքանչյուր լրացուցիչ տարին այս խանգարումների հավանականությունը 3 տոկոսով նվազեցրել է։

Հետազոտողների խոսքով՝ հիմա պրակտիկ բժիշկները կարող են կանանց շրջանում սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը գնահատել նաեւ նրանց կյանքի վերարտադրողական ժամանակահատվածի տեւողության հիման վրա, այլ ոչ թե միայն ըստ տարիքի։ Սա կօգնի ավելի ճշգրիտ որոշել, թե ովքեր են մտնում ռիսկի խմբի մեջ, եւ արդյունավետորեն կանխել նրանց մոտ ծագած խնդիրները։