Տարբեր երկրներից 2 հետազոտական խմբեր մելանոմայի դեմ անհատական պատվաստանյութի կլինիկական հետազոտություններ են կատարել, որոնցով հաստատվել է դրանց արդյունավետությունն ու անվտանգությունը:
Dana-Farber քաղցկեղի հետազոտությունների ինստիտուտի, Բրիգեմի կանացի հիվանդանոցի եւ Հարվարդի բժշկական դպրոցի (ԱՄՆ) գիտնականների խումբը ուռուցքային հակագենի դեմ անհատականացված պատվաստանյութի կլինիկական հետազոտություններ է կատարել: Հետազոտության յուրաքանչյուր մասնակցի համար պատվաստանյութն անհատապես է մշակվել: Գիտնականները յուրաքանչյուր հիվանդի ուռուցքի գենոմը սեքվենիրացրել են, պարզել միայն նրան հատուկ մուտացիաների լրակազմը եւ պատվաստանյութ են ստեղծել` ուղղված այդ կոնկրետ ուռուցքի բջիջների դեմ:
Հետազոտությանը 6 հիվանդ է մասնակցել: Պատվաստվելուց հետո 4 փորձարկվողների մոտ 25 ամսվա ընթացքում ռեցիդիվներ չեն գրանցվել: Կրկնվող ուռուցքով 2 հիվանդի մոտ, որոնք պատվաստվելուց հետո նաեւ իմունաբանական դեղամիջոցային բուժում են ստացել, նկատվել է ուռուցքի լիակատար հետընթաց եւ ուռուցքի հակագեներին հատուկ T լիմֆոցիտների թվի աճ:
Գիտնականների ավստրո-գերմանական խումբը 3-րդ եւ 4-րդ փուլի մելանոմայով հիվանդների համար կիրառել է անհատական նեո էպիթոփային պատվաստանյութեր: Գիտնականները որոշել են յուրաքանչյուր հիվանդի համար անհատական մուտանոմները (միայն այս ուռուցքին հատուկ մուտացիաների համալիր), մշակել դրանցից յուրաքանչյուրի էպիթոփներին հատուկ պատվաստանյութերը: (Էպիթոփը սպիտակուց հակագենի մոլեկուլի հատված է, որը հակամարմիններին է կապվում): Այս հետազոտության ընթացքում մուտացիաների 125 տեսակ է առանձնացվել, մինչդեռ ամերիկացիների թեստավորած պատվաստանյութը գործում է 20-ի դեմ:
Բոլոր հիվանդներն անցել են 20 պատվաստումից կազմված կուրս, որոնց ընթացքում ոչ մի լուրջ կողմնակի էֆեկտ չի գրանցվել: Հետազոտության բոլոր մասնակիցների օրգանիզմում ի պատասխան պատվաստանյութերի կիրառման T լիմֆոցիտներ են արտադրվել, որոնք գործել են ընդդեմ ուռուցքի բջիջների: Ընդհանուր առմամբ մասնակիցների մոտ իմունիտետ է առաջացել հայտնաբերված 125 մուտացիաներից 60 տոկոսի նկատմամբ, ըստ որում` յուրաքանչյուր հիվանդի մոտ T բջիջներ են առաջացել նվազագույնը 3 մուտացիայի դեմ: Մետաստազների դեպքերի ընդհանուր թիվն էապես նվազել է, մեծացել են վերապրելիության ժամկետները` առանց հիվանդության պրոգրեսի:
Հետազոտության հեղինակների խոսքով` պոլիվալենտ նեո էպիթոփային պատվաստանյութերը կարող են կանխել բարձր ռիսկի խմբում գտնվող հիվանդների մելանոմայի ռեցիդիվը ինչպես մոնոթերապիայի, այնպես էլ մոնոկլոնալ հակամարմիններով դեղամիջոցների համադրության դեպքում:
Երկու հետազոտություններն էլ ցուցադրել են մելանոմայի դեմ անհատական պատվաստանյութերի բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը, որոնք ստեղծվել են հիվանդների կոնկրետ ուռուցքների մուտացիաների վերլուծության հիմքով:
Հետազոտությունները հրապարակվել են Nature ամսագրում:






