Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի Գիտակրթական կենտրոնում մշակվել է РММ-2 ռոբոտացված բժշկական մանիպուլյատորը: Հեղինակներն այն ներկայացնում են որպես ունիվերսալ ռոբոտ վիրաբուժական միջամտության ցանկացած տեսակի համար, սակայն նախատեսում են այն նախ վերտեբրոլոգիայում ներդրել, հայտնում է «Իզվեստիան»:
«Ռոբոտի ձեռքը չի դողա, այն երկարատեւ վիրահատության ընթացքում չի հոգնի եւ տեսողության սրությունն այնքան երկար կպահպանի, որքան կպահանջվի,- «Իզվեստիային» ասել է ՌԳԱ Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի Գիտակրթական կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Ալյոխինը: - Ռոբոտն օգնականների կարիք չունի, բավական է վիրահատարանում ոչ մեծ տարածքը եւ մանիպուլյացիայի համար շատ փոքր կտրվածքը: Ռոբոտը մարդու մասնակցությունը չի բացառում. վիրահատության ժամանակ վիրաբույժը մեքենան ղեկավարում է` գտնվելով կից սենյակում: Սա թույլ է տալիս բժիշկներին պաշտպանել վնասակար գործոններից` ռենտգենյան ճառագայթահարումից, մագնիսական դաշտերից, ռադիոիզոտոպներից եւ այլն»:
Աշխարհում արդեն գոյություն ունեն համանման մի քանի համակարգեր, օրինակ` ռոբոտաասիստենտավորման վիրաբուժության համար «Դա Վինչի» համալիրը, «Կիբերնշտար» (ԱՄՆ) համակարգը, «Սփայն Ասիստ» (Իսրայել) համակարգը:
Նման տեսակի ռուսական մշակումներ դեռեւս չկան: «Մենք առաջինն ենք նախաձեռնել հայրենական ունիվերսալ ռոբոտի ստեղծումը: Մենք որոշել ենք բազմաֆունկցիոնալ սարք կառուցել, որովհետեւ նեղ ճյուղային ռոբոտների ստեղծումն ավելի ծախսատար է: Մեր կոմպլեքսի դեպքում նավիգացիոն ծրագիրը եւ գործիքակազմը հեշտ է փոխել, եւ այն կարող է աշխատել ցանկացած ոլորտում»,- ասել է Ալյոխինը:
Գիտնականների աշխատանքի արդյունքն է դարձել РММ-2 ռոբոտացված բժշկական մանիպուլյատորի հայտնվելը: Սարքը հաջողությամբ է անցել մինչկլինիկական ստենդային փորձարկումները (մանեկենի վրա) եւ կլինիկական փորձարկումներին պատրաստ է:
«Սարքի ամենագլխավոր առավելությունն է վիրահատությունը վարելու մեծ ճշգրտությունը, քան «Դա Վինչիի» դեպքում է, ինչը սկզբունքորեն կարեւոր է, հատկապես բժշկության այն ոլորտների համար, որոնք են վերտեբրոլոգիան, նեյրովիրաբուժությունը, անոթային վիրաբուժությունը, ուռուցքաբանությունը»,- նշել է Ալեքսանդր Ալյոխինը:
Ռոբոտը նախատեսված է բժշկական գործիքների մեծ սպեկտրով աշխատելու համար, ըստ որում` 4 անգամ ավելի պակաս է կշռում, քան «Դա Վինչին» եւ ավելի համահավաք է: Ռուսական մշակումը կարժենա մոտ 70 մլն ռուբլի (1,175,000 դոլար), այսինքն` ամերիկյան «Դա Վինչիից» 2 անգամ էժան:
РММ-2-ի հեղինակները խոստանում են, որ դրա ներդրումը թույլ կտա մեծացնել բարձրտեխնոլոգիական վիրահատությունների որակը վիրահատական նույն մակերեսների եւ օժանդակ անձնակազմի փոքր թվի պայմաններում: Դրա հետ մեկտեղ, կկրճատվի հիվանդանոցային մահճակալին հիվանդների պառկելու ժամկետը, որը նույնպես տնտեսում կապահովի:
Կլինիկական փորձարկումները մոտ մեկ տարի կտեւեն: Իսկ ահա «Ռոսզդրավնադզորում» ռոբոտի գրանցումն ավելի շատ ժամանակ կպահանջի` մինչեւ 1,5 տարի:






