Գիտնականները ծովային սպունգներում եւ ծովի հատակի շատ այլ բնակիչների մեջ 5 նյութ են հայտնաբերել, որոնք ճնշում են մարդու եւ կենդանիների թոքերում տուբերկուլյոզի «քնած» հարուցիչների զարգացումը եւ բազմացումը:
«Հիմա մենք աշխատում ենք այս նյութերի արտադրման եւ այն բանի հետազոտման ուղղությամբ, թե դրանք ինչպես են աշխատում: Եթե նույնիսկ բոլորը պիտանի չլինեն մարդու օրգանիզմում տուբերկուլյոզի դեմ պայքարի համար, մենք նոր մանրէի զրահում նոր «ճեղք» կստանանք, որին կարող են հարվածել նոր հակաբիոտիկները: Ի հավելումն` մենք պարզապես կարող ենք փոխել այս մոլեկուլների կառուցվածքը եւ դրանք մարդու համար անվտանգ դարձնել»,- ասել է Օռլանդոյի Կենտրոնական Ֆլորիդայի (ԱՄՆ) համալսարանից Կայլ Ռոհդեն:
Տուբերկուլյոզն այսօր Երկրի վրա մարդկանց մահվան գլխավոր պատճառներից մեկն է, հատկապես այն երկրներում, որտեղ լայնորեն տարածված է ՄԻԱՎ-ը կամ կլիմայական անբարենպաստ պայմաններ կան: Տուբերկուլյոզի դեմ պայքարի հիմնական միջոցը մինչեւ հիմա ԲՑԺ պատվաստանյութն էր համարվում, որը 1921 թվականին մշակել են ֆրանսիացիներ Ալբեր Կալմետը եւ Կամիլ Գերենը:
Mycobacterium tuberculosis բակտերիան, ինչպես մինչեւ վերջերս կարծում էին գիտնականները, դեռեւս ձեռք չի բերել լուրջ մուտացիաներ, սակայն Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի կենսաբանների դիտարկումները ցույց են տվել, որ Ռուսաստանում, Շվեդիայում, Բելառուսում եւ Իրանում տարածվում է տուբերկուլյոզային ցուպիկի նոր եւ շատ վտանգավոր շտամ:
Ռոհդեն նշում է, որ մարդու համար տուբերկուլյոզը վտանգավոր է ոչ միայն այն պատճառով, որ արդեն բարձիթողի ինֆեկցիան բժիշկները ստիպված են շատ երկար ժամանակ բուժել, այլեւ այն պատճառով, որ Mycobacterium tuberculosis-ը երբեմն «քնած» վիճակի մեջ է հայտնվում եւ թոքերի մեջ թաքնվում է մինչեւ ավելի բարեպատեհ ժամանակները:
Ռոհդեն եւ նրա գործընկերները այս խնդրի անսպասելի լուծում են գտել` հետազոտելով կենսաբանորեն ակտիվ նյութերը, որոնք առանձնացրել են ծովային սպունգների եւ ծովի այլ բնակիչների հյուսվածքներից: Կենսաբանները ստուգել են համանման 4 հազարից ավելի մոլեկուլների աշխատանքը` դրանք ավելացնելով տուբերկուլյոզային ցուպիկի կուլտուրաներով փորձասրվակի մեջ, որի ԴՆԹ-ում գեներ են ներդրվել, որոնք մանրէներին ստիպել են լուսարձակել:
Հետեւելով, թե Mycobacterium tuberculosis-ի լուսարձակումը որքան ուժգին է նվազել այս նյութերն ավելացնելիս` գիտնականներին հաջողվել է պարզել այն նյութերը, որոնք ոչնչացրել են տուբերկուլյոզային ցուպիկը կամ դանդաղեցրել են նրա բազմացումը: Նրանց հաջողվել է ընդհանուր 26 նման մոլեկուլ հայտնաբերել, որոնք ոչնչացրել են տուբերկուլյոզային ցուպիկը եւ չեն վնասել թոքերի բջիջների կուլտուրաները:
Դրանց կեսից ավելին ներգործել է միայն Mycobacterium tuberculosis-ի «ակտիվ» ձեւի վրա, եւ միայն մոլեկուլների նման 5 լրակազմերն են կարողացել ճնշել ե´ւ քնած, ե´ւ ներմալ մանրէի բազմացումն եւ կենսագործունեությունը:
Դեռեւս հասկանալի չէ, թե այս մոլեկուլներն ինչպես են ազդում բակտերիաների վրա եւ ինչ ձեւ ունեն, որը խանգարում է դրանց սինթետիկ տարբերակների ստեղծմանը եւ մարդու համար դրանց անվտանգության գնահատմանը:
Այս մասին նշված է Antimicrobial Agents and Chemotherapy ամսագրում հրապարակված հոդվածում:






