Սովորական անալիզը կարող է միզապարկի քաղցկեղի ռեցիդիվը կանխատեսել հիվանդների 80 տոկոսի մոտ: Այս մասին հայտնել են University Hospital of Lyon's Oncology Institute-ի (Ֆրանսիա) գիտնականները:

Գիտնականների խոսքով` միզապարկի քաղցկեղով տառապող հիվանդների մեզում առկա է TERT սպիտակուցը, որը քաղցկեղի մարկեր է համարվում: Սա հաստատելու համար գիտնականները հետազոտել են քաղցկեղի ախտորոշմամբ 348 հիվանդների մեզի բաղադրությունը: Մեզի մեջ այս սպիտակուցի առկայությամբ գիտնականները կարողացել են 80 տոկոս դեպքերում ճշգրիտ կանխատեսել քաղցկեղի ռեցիդիվի հավանականությունը:

Ուշագրավ է, որ նախկինում կատարված հետազոտությունները նույնանման դեպքերում քաղցկեղի հնարավոր ռեցիդիվը ցույց են տվել 34 տոկոս դեպքերում: Սրա պատճառն այն է, որ նախկինում ռեցիդիվի մասին կարելի էր խոսել միայն միզապարկի մկանային պատին ուռուցքի առկայության դեպքում: Ինչպես նշել է հետազոտության հեղինակներից Ալեն Ռուֆիոնը, ստանդարտ բջջաբանական ախտորոշման դեպքում ուռուցքի արդյունավետ հայտնաբերման հավանականությունն ավելի փոքր է, քան սպիտակուցային անալիզի դեպքում:

Հետազոտության նոր ձեւը, սակայն, էական բացասական կողմ ունի` բարձր արժեքը, որը մասնագետները խոստանում են ժամանակի ընթացքում նվազեցնել: