Համակենտրոնացման ճամբարների նախկին կալանավորների շրջանում քաղցկեղով հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է, քան մարդկանց մյուս խմբերում: Այս մասին գիտնականները հայտարարել են Cancer ամսագրում հրապարակված հոդվածում:
«Մենք չենք կարող պրակտիկայում նման հետազոտություններ անցկացնել, ուստի ստիպված ենք ուսումնասիրել առողջության մոնիթորինգի նախագծերի արդյունքները: Մեր ստացած արդյունքներն ընդգծում են այն բանի ուսումնասիրման կարեւորությունը, թե ինչպես է ժամանակի առումով համընկնող մի քանի անբարենպաստ գործոնների համադրությունն ազդում քաղցկեղի առաջացման հավանականության վրա, այդ թվում` նաեւ այն ողբերգական իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ»,- հայտարարել է Թել Ավիվի համալսարանից (Իսրայել) Զիգալ Սադեցկին:
Պատմաբանների գնահատականներով` ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում ողջ մնացած կալանավորները մոտ 1 մլն մարդ են կազմել, որը գրեթե հավասար է 1940-ական թվականներին Եվրոպայի հրեա բնակչության յոթերորդ մասին: Այսօր նրանց թիվը, Բոստոնի համալսարանի Էլի Վիզելի կենտրոնի վճակագրությամբ կազմում է մոտ 100 հազար մարդ:
Բժիշկ Սիգալ Սադեցկին եւ նրա գործընկերները հարց են բարձրացրել, թե հոլոկոստը վերապրած մարդկանց դեպքում սովը, սթրեսը եւ հիվանդությունները ինչպես են ազդում նրանց մոտ քաղցկեղի առաջացման վրա: Սա պարզելու համար նրանք հավաքել են 153 հազար վերապրածների տվյալները, որոնց դիտարկումները տեւել են 45 տարուց ավելի: Հոլոքոստի զոհերի թվին գիտնականները 2 կարգ էին վերագրում` նրանք, որոնք պատերզմի ավարտից հետո օրենքի համաձայն փոխհատուցում են ստացել, եւ նրանք, որոնք պատերազմի ընթացքում ապրել են նացիստների գրաված տարածքներում:
Փոխհատուցում ստացած զոհերի շարքում քաղցկեղային հիվանդների բաժինը կազմել է 22 տոկոս, մյուսների շարքում` 16 տոկոս: Փոխհատուցում ստացած կալանավորների շարքում աղիների քաղցկեղի առաջացման հավանականությունը 12 տոկոսով բարձր է եղել, իսկ թոքերի քաղցկեղով` 37 տոկոսով, այն մարդկանց համեմատությամբ, որոնց հոլոկոստը չի առնչվել: Նրանք, որոնք ապրել են օկուպացված տարածքներում, քաղցկեղի ցանկացած տեսակի առաջացման հավանականությունը բարձր է եղել 8 տոկոսով, աղիների եւ թոքերի քաղցկեղը` համապատասխանաբար 8 եւ 12 տոկոսով: Ըստ որում` կանանց շրջանում կրծքագեղձի եւ վերարտադրողական օրգանների քաղցկեղի առաջացման հավանականությունը չի մեծացել:
Գիտնականի կարծիքով` այս ամենը ցույց է տալիս, որ ազատազրկումը եւ գոյության անտանելի պայմանները կարող են ուժգին ազդել մարդու առողջության վրա եւ նրա մոտ հակվածություն առաջացնել քաղցկեղի եւ մի շարք այլ հիվանդությունների նկատմամբ: Սա անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն Հոլոքոստի հետեւանքների, այլեւ նման կարգի պատմական այլ իրադարձությունների եւ սովորական կենցաղային բռնության արդյունքների գնահատման ժամանակ, եզրակացրել են հոդվածի հեղինակները:
Հետազոտության մեջ նաեւ նշվում է, որ ստացված արդյունքները կարող են զուգահեռներ ունենալ նաեւ այլ իրադարձությունների հետ, որոնք վերաբերում են ռասայական կամ էթնիկ փոքրամասնություններին:






