Գիտնականները դրական կապ են հայտնաբերել տեսախաղերի վրա ծախսած ժամանակի եւ ուղեղի որոշակի շերտերի հաստության միջեւ:

Տեսախաղերը մեծ հեղինակություն են վայելում դեռահասների շրջանում, իսկ խաղային աշխարհը տարեցտարի ավելի է բարդանում: Սակայն ծնողները, ուսուցիչները եւ քաղաքական գործիչները ծայրահեղ բացասական են վերաբերվում տեսախաղերին՝ հատկապես դաժան խաղերին, որոնք նպաստում են որոշ օգտագործողների վարքի անբարենպաստ փոփոխություններին: Եւ այս ամենը վա՞տ է: Պարզվեց որ ոչ, քանի որ տեսախաղերը կարող են դրական ազդեցություն ունենալ ճանաչողական ֆունկցիաների վրա, ասվում է PLOS ONE ամսագրում հրապարակված հոդվածում:

Նախորդող հետազոտությունները ցույց են տվել, որ հաճախ տեսախաղեր խաղալով կարելի է բարելավել որոշակի տեսողական հմտություններ, իսկ մարտավարական տեսախաղերին մասնակցությունը կարող է լավացնել հիշողությունը եւ տրամաբանական մտածելակերպը: Չնայած բազմաթիվ հետազոտություններ կան, որոնք ցուցադրում են տեսախաղերի առավելությունն ընկալման տեսանկյունից, անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես է բացատրվում այն, ինչ տեղի է ունենում գլխուղեղում: Այս ամենի վրա լույս սփռելու հույսով հետազոտողների թիմը մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով սկանավորել է 14 տարեկան 152 դեռահասների՝ պատանիների եւ աղջնակների գլխուղեղը:

Գիտնականները դրական կապ են հայտնաբերել տեսախաղերի վրա ծախսած ժամանակի եւ ուղեղի 2 հատվածների կեղեւի շերտերի հաստության միջեւ: Դրանք են՝ ձախ մեջքակողմնային առաջճակատային կեղեւը եւ ձախ ճակատային ակնային դաշտը: Առաջինը մասնակցում է որոշումների ընդունմանը եւ մարտավարական պլանավորմանը, իսկ երկրորդը նպաստում է աչքերի շարժմանը եւ տեսողական-տարածական ուշադրությանը: