Մելանոմայի դեմ արդյունավետ միջոցների փնտրտուքները դեռ հաջողությամբ չեն պսակվել, սակայն գիտնականների խումբը հույս ունի, որ նոր միացությունը, որը նրանք արդեն փորձարկել են մկների եւ մարդկային բջիջների վրա Պետրիի թասիկում, կարող է առանց առողջ բջիջները վնասելու մելանոմայի քաղցկեղածին բջիջները սպանող դեղամիջոց ստեղծելու ճանապարհին քայլ դառնալ :

Դեղագագործներ Արուն Շարման եւ Շանթ Ամինը՝ Penn State College of Medicine-ից մշակել են ու սինթեզել են նաթվալամիդ-իզոսելենոցիանատ՝ NISC-6 անվանումը ստացած միացությունը։ Այդ միացությունը կինազայի (Akt1) ներբջջային ֆերմենտի ինհիբիտոր է, որը նվազեցնում է մարդու IIα — topo Iiα իզոմերի ակտիվությունը, որոնք նպաստում են մելանոմայի ուռուցքի մեծանալուն։ 

Մելանոման, որը զարգանում է արեւի ուլտրամանուշակագուն ճառագայթների ազդեցությամբ, մաշկի քաղցկեղի շուրջ 5 տոկոսն է կազմում, սակայն ավելի քան 75 տոկոս դեպքերում մահվամբ է ավարտվում։ Ուշ փուլերում այն գործնականում անբուժելի է, քանի որ արագ է մետաստազներ տալիս, վատ է ենթարկվում քիմիաթերապիայի, ինչպես նաեւ արագ դիմադրողականություն է ձեռք բերում արդեն գոյություն ունեցող դեղորայքի նկատմամբ՝ դակարբազինի եւ տեմոզոլոմիդի։ Մյուս դեղորայքը՝ vemurafenib-ը (PLX-4032) սկզբում շատ լավ է ազդում մելանոմայի բջիջների վրա, սակայն 6-7 շաբաթվա ընթացքում դրա նկատմամբ եւս քաղցկեղը դիմադրողականություն է ձեռք բերում։ Այսպիսով, ներկայում մելանոմայի դեմ լավ դեղորայք պարզապես գոյություն չունի։ 

Որոշ ժամանակ առաջ հրապարակված հետազոտության համաձայն՝ իզոտիոցիանատ կոչվող նյութը, որն առկա է բանջարեղենի որոշ տեսակներում  (օրինակ՝ բրոկոլիում), գենետիկորեն փոխանցված որոշ օնկոլոգիական հիվանդությունների դեպքում, այդ թվում՝ մելանոմայի, կարող է որպես պրոֆիլակտիկ միջոց հանդես գալ։ Սակայն իզոտիոցիանատները չեն կարող որպես դեղորայք կիրառվել. մեծ չափաբաժինների դեպքում դրանք շատ տոքսիկ են։ Ուստի հետազոտողների խումբը որոշեց մոդիֆիկացնել իզոտիոցիանատները՝ օրգանիզմի համար դրանց տոքսիկությունը նվազենցնելով եւ արդյունավետ հատկությունները պահպանելով։

European Journal of Medicinal Chemistry-ում հրապարակման համաձայն՝ հետազոտողները միավորել են մի քանի մոտեցում իրենց նախկին գիտափորձերից՝ նոր միացություն ստանալու համար։ Նոր դեղորայքի արդյունավետությունը բարձրացնելու եւ դրա տոքսիկությունը նվազեցնելու համար հետազոտողները իզոտոցիանատում առկա ծծումբը փոխարինել են սելենով, ինչպես նաեւ փոխել են  իզոսելենոցիանատ ստեղծելու համար ալկալինային շղթայի երկարությունը։  Մի քանի տարբերակներ են ստուգվել մինչ այն, երբ հետազոտողները ստացել են միացություն, որը նրանց կարծիքով, կարող է սպանել քաղցկեղածին բջիջներն՝ առանց անհրաժեշտ կոնցենտրացիաներում թունավորության մակարդակը բարձրացնելու։

Գիտափորձի ընթացքում պարզվել է, որ NISC-6-ի ազդեցության պարագայում մարդու մելանոմայի բջիջները մահացել են, իսկ մկների վրա փորձարկելիս ուռուցքի աճը նվազել է 69 տոկոսով։ 

«Մենք NISC-6-ն այնպես ենք մշակել, որ նա հեշտությամբ դուրս գա օրգանիզմից, ուստի դրա թունավորումը դեղորայքի մյուս տարբերակների համեմատ պետք է նվազի»,-ասել է բժիշկ Շարման։ «Մենք նաեւ մտածում ենք, որ NISC-6-ի օգնությամբ կհաջողվի երկարաձգել կամ հաղթահարել դիմադրողականությունը, քանի որ դրա թիրախում միայն BRAF տեսակի մուտանտային բջիջները չեն, այլեւ մելանոմայի վայրի տեսակի BRAF բջիջները»,-հավելել է նա։

Հետազտողները դեռ ուսումնասիրում են դեղորայքի «աշխատանքի» մեխանիզմը, սակայն արդեն պարզ է՝ միացությունն, ըստ երեւույթին, դանդաղեցնում է գործընթացը, որը պատասխանատու է մելանոմայի բջիջների տարանջատման եւ դրանց աճի համար։  Իրենց առաջիկա գիտափորձերում գիտնականները ծրագրում են դիտարկել NISC-6 դեղորայքի ազդեցությունը քաղցկեղի մյուս տեսակների վրա։