Քնի պակասը կարող է ավելորդ քաշի պատճառ դառնալ, պնդում են Լիդսի համալսարանի գիտնականները։ Նրանք պարզել են, որ քնին օրական 6 ժամ հատկացնող մարդկանց գոտկատեղը մի քանի սանտիմետրով ավելի լայն է, քան նրանցը, որոնք քնում են 9 ժամ։
Տվյալ հետազոտության արդյունքները եւս մեկ ապացույց դարձան այն բանի, որ քնի պակասը կարող է նյութափոխանակության խանգարումների պատճառ դառնալ, ներառյալ՝ շաքարախտը։ Բրիտանացի գիտնականների գիտափորձերին շուրջ 1615 չափահաս մարդ է մասնակցել, որոնք ասել են, թե քանի ժամ են քնում եւ որքա՞ն սնունդ են օգտագործում։ Գիտնականները գնահատել են նաեւ զարկերակային ճնշումը, արյան մեջ գլյուկոզայի եւ խոլեստերինի մակարդակը, ինչպես նաեւ վահանաձեւ գեղձի գործառույթները։ Պարբերաբար ֆիքսվել են քաշն ու գոտկատեղի ծավալը։
Հետազոտությունները ցույց են տվել, որ 6 եւ ավելի քիչ ժամ քնածների գոտկատեղը 3սմ-ով ավելին է եղել, քան նրանցը, որոնք քնել են 9 ժամ։ Բացի այդ, քնի պակասը կապված է եղել նաեւ արյան մեջ «լավ» խոլեստերինի պակասի հետ, որն օգնում է օրգանզիմից հեռացնել ճապերը եւ պաշտպանել այնպիսի խնդիրներից, ինչպես սրտանոթային հիվանդությունները։
Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ 1980 թվականից աշխարհում ճարպակալությամբ տառապող մարդկանց քանակն ավելացել է ավելի քան երկու անգամ։ Ճարպակալումն իր «ավանդն» ունի այնպիսի հիվանդությունների զարգացման մեջ, ինչպես երկրորդ կարգի շաքարախտը։ Ահա թե ինչու մեր մոլորակի բնակչության համար շատ կարեւոր է հասկանալ պատճառները, թե ինչու են մարդկ ավելորդ քաշ հավաքում, նշում են գիտնականները։






