Ավստրիացի գիտնականները մշակել են վնասված նյարդերը սարդոստայնի օգնությամբ աճեցնելու մեթոդաբանություն՝ նյարդային հյուսվածքը հենվում է դրան, ինչպես բույսերն են  աճելիս հենվում կարկասին։ Այս միջոցը արդեն հաջողությամբ փորձարկվել է կենդանիների վրա ու հնարավոր է կկիրառվի նաեւ մարդկանց բուժման համար։

Վիեննայի բժշկական համալսարանի գիտնականների հայտնագործությունը հեռանկարում թույլ կտա բուժել ավելի քան 5 սմ երկարության նյարդերի պատռվածքը։ Նյարդերի պատռվածքի վերականգնման մեթոդաբանություններ մինչ այդ էլ հայտնի էին, բայց ոչ ավելի քան 4 սմ հատվածների համար։ Ավստրիացի մասնագետները պարզել են, որ ավելի լուրջ պատռվածքների բուժման հարցում կարող է օգնել Թանզանիայում բնակվող ոսկեգույն սարդի սարդոստայնը։ Ամրությունից ու առաձգականությունից բացի, այդ սարդոստայնը ունի նաեւ հակաբակտերիալ հատկություններ։

Ավստրիացիների միկրովիրաբուժական մեթոդի էությունն այն է, որ երակները լցվեն սարդոստայնով, իսկ հետո թելը հենք դառնա նյարդային մանրաթելերի միացման համար, դրանք աճում են դրա շուրջ բույսերի նման, որոնք հենվում են ճաղերին։ Կենդանիների վրա իրականացված փորձերի ժամանակ այս ձեւով հաջողվել է ինը ամսվա ընթացքում վերականգնել նյարդի վեց սանտիմետրանոց պատռվածքը, իսկ սարդոստայնն ինքը օրգանիզմի կողմից քայքայվել է առանց կողմնակի ազդեցությունների։

«Նյարդային մանրաթելերը օգտագործում են մետաքս, որպեսզի աճեն ամբողջ գծով ու միանան նյարդի մյուս ծայրին։ Մետաքսը բջիջներին ապահովում է լավ ամրակցում, աջակցում բջիջների շարժումն ու խթանում դրանց բաժանումը»,- նշում են հետազոտության հեղինակները։ Հետագայում տեխնոլոգիաները կփորձարկեն մարդկանց վրա, ընդ որում ոչ միայն նյարդերի վերականգնման, այլեւ հանգույցների տրավմաների ու խորը այրվածքների բուժման ժամանակ։