Անգլիական Հեմփշիրից 3-ամյա Ֆրեդի Հանթը հաղթահարել է ուղեղի քաղցկեղը, բայց ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո տղան սկսել է արագորեն քաշ հավաքել: Հիմա նա 37 կգ է կշռում, ինչը չափազանց շատ է նրա տարիքի երեխայի համար: Ավելորդ քաշը, բժիշկների խոսքով, լուրջ վտանգ է սպառնում նրա կյանքին:
Ըստ մասնագետների՝ երեխայի մոտ, ամենայն հավանականությամբ, հիպոտալամիկ ճարպակալում է, որը կապված է հիպոտալամուսի վնասվածքի հետ. ուղեղի հենց այս հատվածից են հեռացրել ուռուցքը: Վիրահատությունից 20 օր անց երեխայի փորը սկսել է մեծանալ: Ներկայում Ֆրեդին չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել եւ նույնիսկ նստել, քանի որ 6 ամսում 60 կգ է հավաքել: Ավելին, տղայի մեկ աչքը կուրացել է: Ճարպի ծավալի արագ ավելացման արդյունքում վտանգի տակ են նաեւ սիրտն ու լյարդը:
Ֆրեդիի ծնողները փորձում են նրան օգնելու միջոց գտնել: Նրանք նշում են, որ եթե ոչինչ չկարողանան անել, արդեն հաջորդ տարի երեխան կմահանա արագ զարգացող ճարպակալումից:
«Մենք ոչ մի տարբերակ չունենք: Եթե նույնիսկ մեզ չարտոնագրված փորձարարական բուժում առաջարկեն, մենք կփորձենք, քանի որ, այսպես շարունակվելու դեպքում, նա միեւնույն է կմահանա: Երեխան այնքան տառապանքներ է կրել, որ պարզապես արժանի չէ վտանգավոր քաղցկեղը հաղթահարելուց հետո ճարպակալումից մահանալուն»,- ասել են ծնողները:
Հիպոտալամիկ ճարպակալումը որոշ հիվանդների մոտ զարգանում է ուղեղի ուռուցքից ազատվելուց հետո: Վիրահատությունից հետո հիվանդները սկսում են արագորեն քաշ հավաքել, եթե նույնիսկ ավելորդ կալորիաներ չեն օգտագործում:









