Ծխող կանանց մոտ թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը երեք անգամ ավելի է, քան նույնքան ծխախոտ ծխող տղամարդկանց մոտ: Այս մասին հաղորդում են Ավստրիայի Կիրառական գիտությունների IMC բարձրագույն դպրոցի գիտնականները:
Մասնագետների կարծիքով՝ էստրոգեն հորմոնի ազդեցությամբ կանանց մոտ ծխելու հետեւանքով բջիջներն ավելի արագ են վնասվում, քան տղամարկանց մոտ: Հնարավոր է՝ հենց սրա հետ է կապված փաստը, որ վերջին տարիներին Ավստրիայում տղամարդկանց շրջանում 20%-ով նվազել է թոքերի քաղցկեղից մահացությունը, մինչդեռ կանանց շրջանում 30%-ով աճել է:
IMC-ից Ռիտա Սեբյոկի խոսքով՝ հիվանդության զարգացման դեպքում սեռի տարբերությունը բուժման հատուկ մոտեցում է պահանջում: Սակայն ներկայում թերապիան հիմնականում կենտրոնացած է տղամարդկանց ուղղությամբ, քանի որ երկար ժամանակ հիմնականում հենց նրանք էին հիվանդանում թոքերի քաղցկեղով:
Հետազոտողը զբաղվում է էպիգենետիկ մարկերների որոնումներով, որոնք թույլ կտային նաեւ կանանց համար թոքերի քաղցկեղի օպտիմալ բուժում ապահովել: Առայժմ հաջողվել է նման վեց մարկեր նույնականացնել, որոնք նույնպես արտացոլում են սեռի տարբերությունը: Դրանք կարող են օգնել ավելի արագ կանխատեսել հիվանդության ընթացքը:
Գիտնականի խոսքով՝ կանանց մոտ հատկապես հաճախ են ի հայտ գալիս մուտացիաներ, որոնց դեպքում արդյունավետ է տիրոքսինկինազ ինհիբիտորներով թերապիան: Ներկայում այս բուժումը նշանակում են միայն զարգացող ուռուցքներով մարդկանց: Սակայն մեծ թվով էպիգենետիկ մարկերների ներգրավումը թույլ կտա փոխել թերապիայի մոտեցումը եւ այն ավելի արդյունավետ դարձնել ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց համար:






