Մեկ այլ մարդու ցավը զգալու ունակությունը ոչ թե պատկերավոր արտահայտություն է, այլ կենսաբանական գործոններով պայմանավորված երեւույթ։ Հենց դրա համար են պատասխանատու հայելային նեյրոնները՝ գլխուղեղի բջիջների հատուկ տեսակը։ Այդ բջիջները բացահայտած գիտնականներից Ջակոմո Ռիցոլատին RT-ի եթերում ասել է, որ հայելային նեյրոններն ազդում են կարեկցելու մեր ունակության վրա։ Նա նաեւ խոսել է այն մասին, թե արդյո՞ք կարելի է վերահսկել այդ կենսաբանական մեխանիզմը։

1990-ականների կեսերին իտալացի գիտնականների խումբը բացահայտեց ուղեղի բջիջիների հատուկ տեսակ՝ հայելային նեյրոնները։ Հետազոտողները գիտափորձեր են իրականացրել կապիկների վրա ՝նրանց ընկույզներ տալով եւ նեյրոնային ակտիվությունը գրանցելով։ Անսպասելիորեն պարզվել է, որ ուղեղի միեւնույն հատվածներն ակտիվացել են, երբ կապիներն իրենք են ընկույզ կերել եւ երբ հետեւել են, թե ինչպես են ուտում մյուսները։

Նույն մեխանիզմը, սակայն շատ ավելի զարգացած, գործում է մարդկանց մոտ։ Դրա գործողությունը պայմանավորված է մարդու՝ նմանակելու ունակությամբ։ «Դա շատ հին մեխանիզմ է։ Այն միայն մարդկանց  բնորոշ չէ եւ հայտնաբերվել է նաեւ կապիկների եւ օրինակ՝ թռչունների մոտ։ Մարդու մոտ այն ձեւավորվել է ու զարգացել։ Կենդանիների մոտ եւս կարեկցանքի ինչ-որ ձեւ գոյություն ունի՝ դրանով է բացատրվում, օրինակ էգի սերը ձագերի նկատմամբ։ Մարդը կենդանուց տարբերվում է նմանակելու ունակությամբ։ Կապիկների մոտ նման հնարավորությունը սահմանափակ է»,- հայտարարել է Ջակոմո Ռիցոլատին։

Գիտնականի խոսքով՝ նեյրոնների այդ տեսակը մարդուն թույլ է տալիս ֆիզիոլոգիական մակարդակում զգալ մյուսների հույզերը։

«Եթե ես տեսնում եմ, որ ցավ եք ապրում, ինձ մոտ ակտիվանում են նույն նեյրոնները, ինչ ձեզ մոտ, կարծես՝ մենք նույն մարդն ենք։ Ես ոչ միայն հասկանում եմ, որ ցավ եք ապրում, ես զգում եմ այդ ցավը»,-ասել է Ռիցոլատին։

Նա նաեւ նշել է, որ այդ մեխանիզմը գործում է միայն շարժման առկայության պարագայում։ Օրինակ՝ հայելային նեյրոնների արձագանքը նկարին, որտեղ բռնության տեսարան է պատկերված, շատ թույլ կլինի։

Ի դեպ, այս երեւույթը հնարավոր է կարգավորել։ Մեխանիզմի ազդեցությունը կարելի է ուժգնացնել եւ ճնշել։ Հետազոտողը որպես օրինակ բերել է այնպիսի մասնագիտություններ, ինչպես ոստիկանը եւ վիրաբույժն են։ Նման պարագաներում չափից դուրս կարեկցանքի զգացումը կարող է միայն վնասել։ «Շատ բարի ոստիկանը վատ ոստիկան է։ Վիրաբույժը չպետք է լաց լինի արյուն տեսնելիս»,- նշել է գիտնականը։

Բացի այդ, հայելայինությունը կարող է նաեւ գիտակցաբար օգտագործվել։ Հենց այդպես են վարվում կատակերգուները, երբ սկսում են ծիծաղել՝ դահլիճի ծիծաղը շարժելու համար։