Մեծ Բրիտանիայի բնակիչը՝ 62-ամյա տղամարդ, հազվագյուտ նյարդաբանական խանգարում է ստացել, որի պատճառը, պարզվել է, ատամի պրոթեզի խնամքի համար նախատեսված մածուկն է: Այս մասին գրում է BMJ Case Report ամսագիրը:
Առաջին ախտանշանները եղել են ոտքերում ցավն ու ընդարմացումը: Տղամարդու վիճակը վեց ամսվա ընթացքում բավական վատացել է, ինչի արդյունքում նա ստիպված է եղել ձեռնափայտ օգտագործել, իսկ հետո ընդհանրապես դադարել է քայլել:
Բժիշկները ողնուղեղի վնասվածք են հայտնաբերել, որի պատճառն օրգանիզմում պղնձի սուր անբավարարությունն է: Այս մետաղի պակասի հետեւանքով վնասվում են ոսկորները, արյունատար անոթները, իմունային համակարգը, վերջույթների շարժունակությունը: Առանձին դեպքերում դա կարող է հանգեցնել մահվան:
Արդյունքում բժիշկները կարողացել են պարզել, թե որն է պղնձի անբավարարության պատճառը: Հիվանդի օրգանիզմում ցինկի ավելցուկ են հայտնաբերել: Եվ չնայած այդ մետաղը մարդու համար շատ կարեւոր միկրոտարր է, դրա մեծ քանակությունը կարող է հանգեցնել բջիջներում քիմիական հավասարակշռության խախտման:
Ավելի ուշ պարզվել է, որ բրիտանացին շաբաթական ցինկով մածուկի երեք-չորս տուփ է օգտագործել: Նման քանակությամբ մածուկն անհրաժեշտ է եղել ատամի պրոթեզի խնամքի համար:
Տղամարդու օրգանիզմը հագեցրել են պղնձով, ինչի արդյունքում հիվանդության զարգացումը կանխվել է, սակայն բրիտանացին գամվել է հաշմանդամի սայլակին:






