Օհայոյի համալսարանի գիտնականները գտել են մարդու մարմնում բջիջները վերածրագրավորելու միջոց։ Դրա շնորհիվ հնարավոր կլինի բուժել վնասված հյուսվածքները, նաեւ պայքարել տարբեր հիվանդությունների դեմ։

Օհայոյի համալսարանի հետազոտողների թիմը՝ Չանդան Սենի ղեկավարությամբ, մշակել է մեթոդ, որն արդեն ստացել է «հյուսվածքների նանոտրանսֆեկցիա» անվանումը։ Ինքնին «տրանսֆեկցիա» բառը նշանակում է ներբջջային նյութի ներարկում բջջի մեջ ոչ վիրուսային մեթոդով։

Ներկայում կիրառվող բջջային թերապիան ենթադրում է, որ բջիջները պետք է դուրս բերվեն հյուսվածքից, արհեստական միջավայրում մանիպուլացումների ենթարկվեն եւ հետո նորից ներարկվեն հիվանդի օրգանիզմ։ Թիմը փորձել է շրջանցել բջջային թերապիայի հիմնական ստորջրյա խութերը՝ նոր սարքի օգնությամբ։

Դրա հիմքում կա չիպ, որը ստեղծված է նանոտեխնոլոգիաների գործածումով։ Դրա ներսում ամփոփված են ԴՆԹ կամ ՌՆԹ մոլեկուլները՝ բջիջների «վերածրագրավորման» համար անհրաժեշտ տեղեկություններով։ Չիպը տեղադրվում է մաշկի վրա, որից հետո փոքր էլեկտրական լիցքը, որը հաղորդվում է սարքի միջոցով, դեպի հյուսվածքներ բացում է ուղիներ, որտեղ լցվում է գենետիկ նյութը։

Բուժակարգը հաշվված վայրկյաններ է տեւում, իսկ բուն ներգործությունը տեղի է ունենում բառացիորեն մեկ հպումով։ Դրանից հետո չիպը հեռացվում է, իսկ մաշկի բջիջները ենթարկվում են ծրագրավորված վերափոխումների։

Նանոտրանսֆեկցիայի մեթոդաբանությունը հաջողությամբ փորձարկվել է մկների երկու խմբերի վրա՝ մի խումբն ուներ ետեւի վերջույթների անոթային հիվանդություններ, մյուս խումբը՝ ինսուլտ էր տարել, այսինքն նրանց մոտ վնասված էին գլխուղեղի բջիջները։ Աշխատության հեղինակները հայտնում են, որ փորձերում մեթոդի արդյունավետությունը 98 տոկոսի է հասել։

Առաջին դեպքում չիպի օգնությամբ կրծողների մաշկի բջիջները վերածրագրավորվել են անոթների բջիջների։ Բուժակարգից հետո արդեն առաջին շաբաթում հետազոտողները նկատել են վերափոխման գործընթացը։ Երկրորդ շաբաթվա ընթացքում կրծողների մոտ հայտնվել են ակտիվ անոթներ ետեւի վերջույթներում, իսկ եւս յոթ օր հետո ոտնաթաթերը վերջնականապես փրկվել են՝ առանց որեւէ լրացուցիչ դեղորայքային միջամտության։

Նույն ձեւով մի քանի շաբաթվա ընթացքում վերականգնվել է ինսուլտ տարած մկների առողջությունը։ Մաշկի բջիջները վերափոխվել են նեյրոնների, որոնք հետո փոխպատվաստել են վնասված ուղեղի մեջ։ «Մենք ցույց տվեցինք, որ մաշկը բերրի հող է, որի վրա մեր տեխնոլոգիայի օգնությամբ կարելի է աճեցնել վերականգնման կարիք ունեցող ցանկացած օրգանի բջիջներ»,-ասում է Սենը։

Աշխատության հեղինակների կարծիքով, իրենց մեթոդի գլխավոր առավելություններից մեկն է բուժման համար տվյալ հիվանդի սեփական բջիջները գործածելը, որպեսզի օրգանիզմը չվանի դրանք։