Խոլեստերինի մակարդակը նվազեցնող դեղամիջոցները, ինչպիսիք են ստատիններն ու էզետիբիմը, կարող են օգտակար լինել ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարում, այդ թվում՝ որովայնային տիֆի, խլամիդիոզի եւ մալարիայի: Այս մասին հաղորդել են ԱՄՆ-ի Duke University-ի մասնագետները:
Նրանց խոսքով՝ ստատինները նվազեցնում են այդ հիվանդություններով վարակվելու վտանգը: Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ մարդկանց մոտ որովայնային տիֆով վարակվելու հավանականությունը բարձր է VAC14 գենի մուտացիայի պատճառով: Այդ մուտացիան խոլեստերինի մակարդակի աճ է առաջացնում, ինչը, իր հերթին, նպաստում է մարդու բջիջներ Salmonella Typhi բակտերիայի (որովայնային տիֆի հարուցիչ) ներխուժմանը:
Գիտնականների խոսքով՝ հետագա ուսումնասիրություններ են անհրաժեշտ՝ հասկանալու համար, իսկապե՞ս կարելի է ստատիններն օգտագործել ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ ամեն տարի ամբողջ աշխարհում շուրջ 21 մլն մարդ վարակվում է որովայնային տիֆով, իսկ 222 հազարը մահանում է այդ հիվանդությունից:






