Ֆիզիկական վարժությունների օգտակարության մասին բազմիցս է խոսվել. դրանք օգնում են կանխել ճարպակալումը, սիրտ-անոթային հիվանդությունները եւ նույնիսկ օնկոլոգիական հիվանդությունները: Հիմա Նոր Հարավային Ուելսի համալսարանի մասնագետները պարզել են, որ կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունն օգտակար է կանանց հիշողության համար եւ օգնում է ավելի լավ հիշել նոր տեղեկությունը:
Նրանց անցկացրած չորս գիտափորձերին 265 կամավոր է մասնակցել: Երեք փորձի ժամանակ մասնակիցները հիշել են լուսանկարներին համապատասխանող տղամարդկանց անունները: Դրանից հետո համավորների մի մասը 5 րոպե շարունակ փոքր ինտենսիվությամբ սթեփ-աէրոբիկայով է զբաղվել, մյուսները ոչինչ չեն արել:
Հետազոտությունը ցույց է տվել, որ աէրոբիկայով զբաղված կանայք ավելի լավ են հիշել ստացած տեղեկությունը, քան նրանք, ովքեր ոչ մի վարժություն չեն կատարել: Հետաքրքիր է, որ տղամարդկանց հիշողության վրա ֆիզիկական ակտիվությունը չի ազդում: Գիտնականները, սակայն, դեռեւս չգիտեն պատճառը:






