Մելանոման հաճախ է զարգանում ոչ միայն արդեն գոյություն ունեցող խալերից, այլեւ մաշկի վրա հայտնված նոր հետքերից։ Այս մասին վկայում են Arcispedale Santa Maria Nuova, Istituto di Ricovero e Cura a Carattere Scientifico-ի գիտնականները (Իտալիա), որոնց նոր հետազոտությունը հրապարակվել է Journal of the American Academy of Dermatology պարբերականում։
Նրանք մետավերլուծության են ենթարկել նախկինում հրապարակված 38 գիտական հետազոտություններ, որոնցում մելանոմայի 20 000 դեպքեր են ուսումնասիրվել։ Ստացած արդյունքները ցույց են տվել, որ չարորակ ուռուցքների միայն 29 տոկոսն է ձեւավորվել արդեն գոյություն ունեցող խալերից, իսկ 71 տոկոսի դեպքում՝ մաշկի վրա նոր գոյացություններից։
Գիտնականները նշում են, որ «մաքուր» մաշկի վրա զարգացած մելանոման, որպես կանոն, ավելի ագրեսիվ է, քան խալի տեղում զարգացած ուռուցքը։ Գիտնականների խոսքով՝ հիվանդներն ու բժիշկները պետք է իմանան, որ մելանոման կարող է զարգանալ ոչ միայն խալի տեղում, ուստի պետք է հետեւել ցանկացած կասկածելի գոյակցության։ Որպես կանոն՝ մարդիկ գիտեն իրենց մաշկի առանձնահատկությունները։ Այդ պատճառով դրա վրա կասկածելի փոփոխությունների դեպքում խորհուրդ է տրվում դիմել մաշկաբանի։
Մելանոման ճանաչել կարելի է խալի չափսերի, գույնի եւ ձեւի փոփոխությունից։ Այդ բոլոր փոփոխությունները կարող են տեղի ունենալ երկար ժամանակի ընթացքում (մի քանի շաբաթ կամ ամիս)։ Բացի այդ՝ մելանոման նախ կարող է որպես նոր խալ ընկալվել, սակայն ունենալ «տարօրինակ» արտաքին տեսք։
Գիտնականները հիշեցնում են, որ մաշկի քաղցկեղի զարգացման հավանականությունը բարձր է այն մարդկանց շրջանում, որոնք երկար ժամանակ մնում են արեւի տակ՝ առանց արեւապաշտպան քսուքներ օգտագործելու։






