Մարդու ուտելու ձեւը կարող է ցույց տալ սեքսի նկատմամբ նրա վերաբերմունքը եւ սեքսից հաճույք ստանալու նրա ունակությունը, պնդում են Ֆրանսիայի Առողջության եւ բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտի գիտնականները:

Նրանց խոսքով՝ համեղ կերակուրի ազդակները եւ սեքսուալ բավարարվածության ազդանշանները մշակվում են գլխուղեղի միեւնույն հատվածում՝ լիմբիական համակարգում, որը պատասխանատու է էմոցիաների եւ բնազդների համար: Գիտնականների կարծիքով՝ հատկապես այս պատճառով ախորժակը եւ սնունդն ուտելու ձեւը կարող են վկայել սեքսուալ խառնվածքի մասին. մարդիկ, որոնք սնունդից հաճույք են ստանում, սովորաբար կարողանում են հաճույք ստանալ նաեւ սեքսից: Եվ հակառակը՝ նրանք, որոնք վատ են ուտում եւ առանց ախորժակի, սովորաբար սեքսուալապես սառն են:

Գիտնականների կարծիքով՝ նիհար կանայք, որոնք վատ ախորժակ ունեն եւ մշտապես վերահսկում են կերած կալորիաները, հաճախ ֆրիգիդներ են, նրանց կարող է տհաճ լինել անգամ տղամարդու գրկախառնությունը: Դրանից բացի, բացառված չէ, որ բուսակերներին եւս կարող է հատուկ լինել սեքսի հանդեպ անբավարար հետաքրքրությունը:

«Սնունդից հաճույք ստացող մարդկանց մոտ սեքսուալ ձգտումն ավելի ուժեղ է արտահայտված, քան նրանց մոտ, որոնք սննդակարգերի են հետեւում եւ մանրակրկիտ հաշվում են կալորիաները. նման մարդիկ չեն կարող անկողնում ճորտությունից ազատագրվել»,- ասել է նախագծի համահեղինակ Ժան Ռոբինը: