Ասթմայով տառապողներից շատերը շնչառական համակարգի խնդիրների պատճառով ջանում են սպորտով չզբաղվել։ Եվ իզուր. Դանիայի Bispebjerg University-ի գիտնականների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ ճիշտ սնունդն ու ֆիզիկական ակտիվությունը կարող են նկատելի բարձրացնել ասթմատիկների կյանքի որակը։

Ասթմայով հիվանդ 125 կամավորների մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ առողջ սննդի եւ շաբաթական 3 անգամ մարզումների շնորհիվ՝ ասթմայի ախտանշանների արտահայտումը նկատելի պակասել է, եւ ընդհանուր առմամբ կամավորներն իրենց շատ ավելի լավ են զգացել։

Հետազոտության շրջանակում կամավորների մի մասը շաբաթական երեք անգամ բարձր ինտենսիվությամբ ֆիզիկական վարժություններ է կատարել եւ հատուկ սննդակարգի է հետեւել՝ ցածր գլիկեմիկ ինդեքսով մթերքներ օգտագործելով (միրգ, բանջարեղեն, սպիտակուցներ)։ Որոշ մասնակիցների խնդրել են կա՛մ ճիշտ սնվել, կա՛մ ֆիզիկական վարժություններ կատարել։ Մյուս կամավորները եղել են վերահսկիչ խմբում եւ վերոնշյալ գործողությունները չեն կատարել։

Հետազոտությունը ցույց է տվել, որ ընդամենը 8 շաբաթ անց ճիշտ սնունդ ընդունած եւ մարզված մասնակիցների մոտ ասթմայի ախտանշանների արտահայտումը 50 տոկոսով նվազել է։ Իսկ այն խմբում, որի մասնակիցները կամ միայն ճիշտ սնվել են կամ միայն մարզվել են, ախտանշանների արտահայտումը 30 տոկոսով է նվազել։