Մարդիկ, ովքեր պարբերաբար զբաղվում են ուժային պարապմունքներով, ավելի քիչ են բախվում տագնապային  խանգարման խնդիրների, քան նրանք, ովքեր չեն զբաղվում սպորտով: Այս մասին հայտնում են University of Limerick-ի գիտնականները:

Նրանք ուսումնասիրել են 16 հետազոտությունների արդյունքները, որոնց մասնակցել է 922 մարդ: Որոշ կամավորներ 11 շաբաթվա ընթացքում շաբաթական 2-5 անգամ  կատարել են  ուժային վարժություններ, իսկ մնացածները՝ ոչ: Հետազոտողները հայտնաբերել են, որ ուժային վարժություններին ժամանակ տրամադրած մասնակիցների մոտ տագնապի աստիճանն ավելի քիչ է եղել, քան նրանց մոտ, ովքեր չեն պարապել: Տագնապի աստիճանը  նվազել է անկախ այն բանից, թե մասնակիցները հոգեկան խանգարումներ ունեցել են, թե ոչ:  Այնուամենայնիվ ավելի նկատելի փոփոխություններ նկատվել են առողջ մարդկանց մոտ:

Գիտնականները դեռ չգիտեն, թե ինչպես են ուժային վարժություններն ազդում տագնապի աստիճանի վրա՝ ի տարբերություն այլ վարժությունների: Փորձագետների խոսքով, ուժային վարժությունները կապված են ուղեղում արտադրվող սպիտակ նյութի քանակի տարիքային նվազման հետ: Սպիտակ նյութը միացնում է ուղեղի տարբեր մասերը: Սպիտակ նյութի քանակության տարիքային փոփոխությունները մեծացնում են ճանաչողական եւ վարքային խանգարումների վտանգը: Սակայն բացառված չէ նաև, որ մարզվողները քիչ են ունենում տագնապային խանգարումներ, քանի որ նրանց մոտ ավելի քիչ ժամանակ է մնում տագնապ առաջացնող բաների մասին մտածելու համար։