Անկախ դրդապատճառներից՝ սուտը վնասում է մեր օրգանիզմին: Այս եզրահանգման են եկել Սան Դիեգոյի համալսարանի Զգացմունքների լաբորատորիայի գիտնականները: Նրանք հետազոտություն են անցկացրել՝ պարզելու ինչպես են մարդկանց հարաբերություններն ազդում նրանց ստելու հավանականության վրա:

Պարզվել է, որ որքան մեծ է կապվածությունը մարդկանց միջեւ, այնքան մեծ է հավանականությունը, որ անձը կցանկանա իր համար կարեւոր մարդուն հեռու պահել տհաճ իրականությունից՝ ստելով նրան:

Այս փորձը հիմնականում հիմնված է Նոտր Դամի համալսարանի ֆիզիոլոգների նախորդ ուսումնասիրության վրա, որին մասնակցում էր 18-71 տարեկան 110 մարդ: Մասնակիցների կեսին հանձնարարված էր 10 շաբաթվա ընթացքում նույնիսկ մանրուքների դեպքում չստել, իսկ մյուս կեսը  դարձել էր վերահսկողական խումբ, եւ  ստելու մասին որեւէ հրահանգ չէր ստացել:

10 շաբաթ անց գիտնականները համեմատել են մասնակիցների առողջության օբյեկտիվ եւ սուբյեկտիվ ցուցանիշները: Պարզվել է, որ ճշմարտությունն ասելու կարգադրություն ստացած կամավորների առողջական եւ հոգեկան առողջության ցուցանիշներն ավելի բարձր են եղել, քան վերահսկողական խմբինը: Բացի այդ, նրանք, ովքեր այս ընթացքում չեն ստել իրենց մտերիմներին, բարելավել են իրենց հարաբերությունները եւ ավելի երջանիկ են դարձել: