Սննդամթերքը ինտերնետում պատվիրելու սովորությունը կործանարար ազդեցություն է ունենում մկանային զանգվածի եւ ուժերի վրա, պնդում են Chartered Society of Physiotherapy-ի մասնագետները։
Նրանց խոսքով՝ գնումներ կատարելն ու ծանր տոպրակներով տուն վերադառնալը նույնպես ֆիզիկական վարժություն է, եւ եթե մարդ ամեն բան համացանցում է պատվիրում, սկսում է քիչ շարժվել եւ ավելի թույլ է դառնում։
Փորձագետները նշում են, որ համացանցը էապես թեթեւացրել է ժամանակակից մարդկանց կյանքը, սակայն առողջության եւ ֆիզիկական կառուցվածքի վրա դրա ազդեցությունը բացասական է։ Մարդիկ, որոնք ամեն օր առաքումով պատվերներ են կատարում, զրկում են իրենց կյանքի համար կարեւոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։ Տոպրակներ կրելը մարդկանց թույլ է տալիս պահպանել նորմալ մարզավիճակը եւ առողջությունը մինչեւ ծերություն։ Հենց այդ պատճառով էլ շատ ֆիզիոթերապեւտներ բացասաբար են վերաբերվում համացանցում գնումներին։
Միայն Մեծ Բրիտանիայում համացանցում գնումներ կատարող մարդկանց թիվը վերջին 2 տարում կրկնապատկվել է՝ 2014 թվականին գրանցված 7 տոկոսից հասնելով 14 տոկոսի 2016-ին։ Այսօր յուրաքանչյուր 7-րդ բրիտանացի առհասարակ խանութ չի գնում՝ նախընտրելով ամեն բան տանը գնել։ ԱՄՆ-ում օնլայն գնումներ է կատարում ընտանիքների 25 տոկոսը։
Տարիքի հետ մարդու մկանները թուլանում են եւ կրճատվում։ Այս երեւույթը կոչվում է սարկոպենիա։ Հենց դրա դեմ պայքարի համար էլ մարդկանց անհրաժետ են ֆիզիկական վարժությունները։






