Բեռլինի Շարիտեի համալսարանական հիվանդանոցի գիտնականները հայտնաբերել են մի ֆերմենտ, որը լուրջ ազդեցություն ունի լյարդի բջիջներում գլյուկոզայի փոխանակության վրա։ Ֆերմենտը, որը հայտնի է որպես ռետինոլ-սատուրազա, օգնում է բջիջներին ադապտացվել արյան մեջ շաքարի մակարդակին։ Սակայն եթե գլյուկոզայի մակարդակը երկար ժամանակ չափից ավելի բարձր է մնում, ռետինոլ– սատուրազան սկսում է քայքայիչ ազդեցություն ունենալ լյարդի վրա։

Nature Communications ամսագրում հրապարակված հետազոտության մեջ նշվում է, որ Շարիտեի հիվանդանոցին կից գործող դեղագործության ինստիտուտի գիտնականները վերլուծել են ռետինոլ-սատուրազա ֆերմենտի քանակը բարեկազմ մարդկանց եւ ավելորդ քաշ ունեցողների լյարդում ու պարզել են, որ քաշի ավելացմանը զուգահեռ՝ աճում է նաեւ ֆերմենտի խտությունը։

Լյարդի բջիջներում ռետինոլ-սատուրազայի ճնշումը նվազեցնում էր նյութափոխանակության համար բացասական ազդեցությունը արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակի դեպքում։ Գիտնականները համարում են, որ այդ ֆերմենտի ակտիվության ճնշումը նոր թերապեւտիկ հնարավորություններ է տրամադրում լյարդի ճարպակալման ու դիսլիպիդեմիայի բուժման համար։

Հետազոտողները դեռ պետք է պարզեն, արդյոք ռետինոլ- սատուրազան անհրաժեշտ է նաեւ այլ տեսակի բջիջներին, որպեսզի նրանք ադապտացվեն գլյուկոզային։