Ջեֆրի Հոլը, Մայքլ Ռոսբաշն ու Միխայել Յանն արժանացել են ֆիզիոլոգիայի ու բժշկության ասպարեզում 2017 թ․ նոբելյան մրցանակին։ Ստոկհոլմում գիտնականներին մրցանակ են շնորհել «ցիրկադային ռիթմերը կառավարող մոլեկուլյար մեխանիզմների հայտնագործության» համար։

Ցիրկադային ռիթմեր են կոչում ցերեկվա ու գիշերվա հերթագայության հետ կապված զանազան կենսաբանական պրոցեսների ինտենսիվության ցիկլային տատանումները։ Այս մասին տեղեկացնում է Նոբելյան մրցանակաբաշխության Թվիթերը։

Որպես մոդելային օրգանիզմ օգտագործելով մրգերի ճանճերին՝ այս տարվա նոբելյան դափնեկիրները պարզել են, թե որ գեներն են կառավարում նորմալ ցիրկադային կենսաբանական ռիթմը։ Նրանք ցույց են տվել, որ այդ գենը կոդավորում է սպիտակուցը, որը կուտակվում է բջջի մեջ գիշերվա ընթացքում, իսկ հետո քայքայվում ցերեկվա ընթացքում։

2016-ին ֆիզիոլոգիայի ու բժշկության ասպարեզում Նոբելյան մրցանակը ստացել էր Եսինորի Օսումին՝ աուտոֆագիայի՝ կենդանի բջիջների ինքնաոչնչացման պրոցեսի հետազոտությանը նվիրված աշխատության համար։

Այսօր Ստոկհոլմում հայտնել են ֆիզիոլոգիայի ու բժշկության ասպարեզի դափնեկիրների անունները, այս շաբաթ կշնորհվեն նոբելյան մրցանակներ նաեւ ֆիզիկայի ոլորտում (հոկտեմբերի 3-ին), քիմիայի ոլորտում (հոկտեմբերի 4-ին), նաեւ Խաղաղության նոբելյան մրցանակը (հոկտեմբերի 6-ին)։

Գրականության ոլորտում մրցանակաբաշխության օրը դեռ որոշված չէ։ Յուրաքանչյուր դափնեկիր կստանա մեդալ, դիպլոմ ու դրամական պարգեւատրություն, որն այս տարի կազմելու է 9 մլն շվեդական կրոնա։

Մրցանակաբաշխության արարողությունը կկայանա Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը։