Մարդիկ սեռական օրգանների հերպեսը «ժառանգել» են Բոյսա պարանտրոպից (Parathropus boisei). կապիկ, որն ավելի մոտ է ավստրալոպիտեկներին, պարզել են Քեմբրիջի համալսարանի եւ Բրուքսի Օքսֆորդի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները: Այս տեսակն ապրել է 1-2,7 մլն տարի առաջ եւ միջանկյալ օղակի դեր է կատարել աֆրիկական կապիկներից վիրուսը մարդու նախնիներին փոխանցելու գործում: Կենսաբանների հոդվածը հրապարակվել է Virus Evolution ամսագրում:
«Հերպեսով կարող է վարակվել փաստացի այն ամենը, ինչ շարժվում է՝ սկսած մարդուց ու ավարտած մարջաններով, եւ կենդանիների յուրաքանչյուր տեսակ օժտված է այս վիրուսի շտամների «իր» հավաքածուով: Որպեսզի այս վիրուսները այլ տեսակներին վարակել կարողանան, 2 բան է անհրաժեշտ՝ հաջող մուտացիա եւ մարմնական շփում: Հնագույն մարդկանց դեպքում սա կարող էր տեղի ունենալ մարդակերության կամ սեքսի հետեւանքով»,- հայտնել է Քեմբրիջի համալսարանից Շարլոթա Գուլդքրոֆթը:
Գոյություն ունի սովորական հերպեսի վիրուսի 2 տարատեսակ՝ HSV1, որը «մրսածություն» է առաջացնում շրթունքներին, եւ HSV2, որն ախտահարում է արտաքին սեռական օրգանները: ԱՀԿ ընթացիկ գնահատականներով՝ առաջին վիրուսի փոխանցողներն են Երկրի մեծահասակ բնակչության գրեթե կեսը, իսկ երկրորդի՝ մոտ 10-16 տոկոսը:
Գուլդքրոֆթը եւ նրա գործընկերները ուսումնասիրել են մարդու եւ նրան առավել մոտ «կապիկների» հերպեսի տարբեր շտամների ԴՆԹ-ն: Գիտնականները հաշվել են մարդկանց եւ կապիկների ԴՆԹ-ում մանր մուտացիաների թիվը, կազմել են նրանց էվոլյուցիոն ծառը եւ համեմատել են, թե ինչպես են վերջին 4-5 մլն տարում զարգացել մարդը եւ այլ հոմինիդները:
Հետազոտության ընթացքում մասնագետները կիրառել են բայեսովյան ցանցը՝ բազմաթիվ փոփոխականների միջեւ հնարավոր կախվածության մոդել: Այս մոտեցման միջոցով գիտնականները կլիմայական տվյալների եւ վիրուսի պեղածո ԴՆԹ-ի անալիզի արդյունքների հիման վրա պարզել են կապիկների տարբեր տեսակների շարքում առավել համապատասխանող միջնորդին: Հիմնական չափանիշներից մեկը տեսակի տարածման աշխարհագրությունն էր, որը հաճախակի շփումներ էր ապահովում ինչպես անտառներում շիմպանզեի նախնիների հետ, այնպես էլ ջրամբարների մոտ հնադարյան մարդկանց հետ:
Գիտնականները նշում են, որ վիրուսի առաջին նախատիպն ավելի հին էվոլյուցիոն պատմություն ունի՝ այն ժամանակ է հայտնվել, երբ մոտ 7-6 մլն տարի առաջ տարանջատվել են շիմպանզեի, մարդու եւ բոնոբոյի նախնիները: Պարզվել է, որ HSV2-ի երեւան գալու պատմությունն ավելի բարդ է ու հետաքրքիր:
Այս վիրուսը մարդկային պոպուլյացիայի մեջ է հայտնվել բոլորովին վերջերս, մոտ 1,5-2 մլն տարի առաջ: Դրա սկզբնաղբյուրն էին ժամանակակից շիմպանզեների նախնիները, ինչպես նաեւ հոմինիդների հնագույն տեսակներից մեկը, որը յուրատեսակ «փոխանցող օղակ» է եղել մարդուն վիրուսի հարմարվելու գործում:
Գիտնականների կարծիքով՝ այս փոխանցող օղակի դերին է հավակնում նախամարդու կոնկրետ տեսակներից մեկը՝ պարանտրոպը (Paranthropus boisei): Սրա օգտին է վկայում այն, որ վիրուսի հայտնվելու պահին ե՛ւ պարանտրոպները, ե՛ւ հնագույն մարդիկ, ե՛ւ շիմպանզեների նախնիները բնակվել են միեւնույն տարածքում՝ Աֆրիկայի արեւելքում գտնվող Տուրկանա լճի շրջակայքում:
Հանելուկ է մնում, թե ինչպես է վիրուսը սովորել տարածվել սեռական ճանապարհով եւ վարակել առավելապես սեռական օրգանները:






