Քաղցկեղի ու ճարպակալման միջեւ կա կապ, պարզել են Հիվանդությունների հսկողության ու կանպարգելման ամերիկյան կենտրոնների (CDC) մասնագետները ։Նրանք խորհուրդ են տվել քաղցկեղի կանխարգելման նպատակով խուսափել ավելորդ քաշից, հայտնում է MedicalXpress-ը։ «Այն, որ ճարպակալումն ու ավելորդ քաշը կարող են ազդել քաղցկեղի առաջացման վրա, շատ ամերիկացիների համար նորություն կլինի։ Ուռուցքների որոշ տեսակների ու ճարպակալման կամ ավելորդ քաշի միջեւ կապի մասին քչերը գիտեն»,- ասել է CDC –ի ղեկավարի տեղակալ բժիշկ Էնն Շուհաթը։

Նրա գործընկեր, բժշկուհի Լիզա Ռիչարդսոնը, որը ղեկավարում է ուռուցքաբանական հիվանդությունների հսկողության ու կանխարգելման բաժինը, շեշտել է, որ նիհարելը նվազեցնում է չարորակ նորագոյացությունների հավանականությունը։

Գիտնականները պարզել են, որ ավելորդ քաշը 630 հազար ամերիկացիների մոտ քաղցկեղի առաջացման պատճառ է դարձել ։ Հետազոտության ընթացքում հաջողվել է բացահայտել կապը ճարպակալման ու չարորակ ուռուցքների 13 տեսակների միջեւ։ Դրանցից են ուղեղի, երիկամների, ենթաստամոքսային գեղձի, ձվարանների, արգանդի, հաստ աղիի ու բազմակի միելոմայի քաղցկեղը։ Հենց այդ հիվանդություններն են կազմել 2014-ին ԱՄՆ-ում գրանցված քաղցկեղի բոլոր դեպքերի 40 տոկոսը։

Հետազոտողները հավաստիացնում են, որ քաղցկեղի մնացած տարատեսակներով հիվանդացությունը 2005-2014 թթ․ կրճատվել է 13 տոկոսով։ Միաժամանակ յոթ տոկոսով ավելացել է ճարպակալման հետ կապակցված ուռուցքների քանակը։