Կանայք տղամարդկանցից հազվադեպ են բախվում սրտի հիվանդություններին, իսկ եթե բախվում են՝ ապա զգալիորեն ավելի մեծ տարիքում։ Այդ երեւույթի կենսաբանական պատճառները երկար ժամանակ անհայտ էին մնում, բայց հիմա University of Guelph համալսարանի գիտնականները կարծես գտել են այս հարցի պատասխանը։

Պարզվել է, որ ձվարանների արտադրած կանացի հորմոնների ու օրգանիզմի ցիրկադային ռիթմերի համար պատասխանատու համակարգի միջեւ փոխգործակցությունը ծերանալուն զուգահեռ պաշտպանում է կանանց սիրտը։ Գիտնականները վստահ են, որ հետազոտության արդյունքները կօգնեն կանխել սրտանոթային հիվանդությունների զարգացումը երկու սեռերի ներկայացուցիչների մոտ․ այդ տվյալների հիման վրա մշակված թերապեւտիկ մեթոդները հնարավորություն են տալիս կանանց օրգանիզմի կենսաբանական առավելությունները տարածել տղամարդկանց վրա։

Ավելի վաղ իրականացված հետազոտություններում Թամի Մարտինոյի ղեկավարած թիմը հայտնաբերել է, որ սրտի նոպաները շատ ավելի ծանր էին ընթանում նույն տարիքի տղամարդկանց, քան կանանց մոտ։ Փորձերը վերհանել են նաեւ օրվա ժամանակահատվածի ազդեցությունն ինֆարկտի հավանականության ու ծանրության վրա՝ տղամարդկանց մոտ սրտի նոպաներն ավելի ծանր էին ընթացել քնի ժամանակ։ Այդ հանգամանքները գիտնականներին հուշել են այն միտքը, որ ցիրկադային մեխանիզմը կարող է տարբեր կերպ ազդել տղամարդկանց ու կանանց սրտանոթային համակարգի վրա։

Այս վարկածը ստուգելու համար գիտնականները ուսումնասիրել են գենետիկ «տակտային» մուտացիայով ծեր մկների պոպուլյացիան»։ Այդ մուտացիան խաթարում է  ցիրկադային մեխանիզմի սինխրոնիզացիան (դեսինխրոնիզացնում է) ։ Պարզվել է, որ այդ մուտացիայով տառապող որձ մկների մոտ ծերացմանը զուգահեռ զարգանում էին սրտի հիվանդություններ, մինչդեռ էգերի մոտ նման հիվանդություններ չեն զարգացել, իսկ որձերի սրտի հյուսվածքների բջիջները նկատելիորեն տարբերվում էին էգերի նույն բջիջներից։ Տարբերությունները դրսեւորվում էին կարդիոլիպինի՝ սրտամկանի բջիջների միտոքոնդրիայի մեմբրաններում պարունակվող ֆոսֆոլիպիդի կազմի մեջ։

Մարտինոյի ղեկավարած գիտնականները պարզել են, որ որձ մկների կարդիոլիպինը նույն տեսքն ուներ, ինչ սրտի հիվանդություններից տառապող մարդկանց կարդիոլիպինը։ Բացի այդ՝ որձ մկների մոտ զգալիորեն վատ էին այն ցուցանիշները, որոնք բնութագրում են սրտամկանի էներգետիկ պրոցեսները։ Իսկ տվյալ գենետիկ մոիտացիայով էգ մկների մոտ, ըստ անալիզների արդյունքների, էներգետիկ ցուցանիշներն ու կարդիոլիպինի ցուցանիշները զգալիորեն ավելի լավ էին։

Այդուհանդերձ, որձերի նկատմամբ էգերի այդ զգալի առավելությունը շատ արագ անհետացել է ձվարանների հեռացումից հետո ։ Այս փաստը պատկերավոր ապացուցում է, որ ձվարանների հորմոնները՝ օրինակ էստրոգենը, պաշտպանում են սիրտը, նույնիսկ երբ ցիրկադային մեխանիզմը խախտվում է ։