Կանայք, որոնք ձգտում են լինել սուպերմամա ու հասցնել ամեն ինչ, 50 տոկոսով հաճախ են մահանում ինֆարկտին հաջորդող մեկ տարվա ընթացքում։ Այս մասին հայտնում են Մյունխենի Տեխնիկական համալսարանի հետազոտողները։

5 տարի տեւած հետազոտությունը ցույց է տվել, որ ինֆարկտին հաջորդող առաջին 12 ամիսներին մահացության հավանականությունը կանանց մոտ ավելի բարձր է, քան տղամարդկանց մոտ։ Գերմանացի գիտնականները դա բացատրում են հոգեբանական ճնշումով, ինչը պայմանավորված է աշխատանքն ու երեխաների խնամքը համատեղելու անհրաժեշտությամբ։ Բացի դրանից, գիտնականների խոսքով, կանայք,  որպես կանոն, ավելի ուշ տարիքում են բախվում ինֆարկտների, ինչը նույնպես նրանց ավելի խոցելի է դարձնում։

Ինֆարկտից հետո ապաքինվող կանանց հետազոտողները հորդորում են  չփորձել արագ վերադառնալ սովորական կենսակերպին , այլ տրամադրվել 365 օրյա հանգստի ու պատրաստ լինեն ընդունել շրջապատի աջակցությունը։ Խնդիրն այն է, որ ինֆարկտից հետո կանանցից ավելի արագ ապաքինում են ակնկալում, քան տղամարդկանցից, քանի որ հենց կանանց ուսերին է ամբողջ տնտեսությունը վարելու հոգսը։ Արդյունքում կանայք ավելի ուժեղ սթրեսի են ենթարկվում։ 

Կանայք ինֆարկտների ավելի հազվադեպ են բախվում, քան տղամարդիկ։ Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանայք ավելի մեծ տարիքում են ինֆարկտ ստանում։ Բացի այդ,   արյունատար անոթների նեղացումը կանանց դեպքում ավելի հազվադեպ է ինֆարկտի առաջացման պատճառ դառնում։ Հիմնականում նրանք տառապում են զարկերակային դիֆուզային հիվանդություններից։ Իսկ նման դեպքերում տեղական աբլյացիայի պրոցեդուրայի արդյունավետությունն ավելի քիչ հավանական է, քան անոթների նեղացման դեպքում, որոնք կարելի է հեշտությամբ լայնացնել։ Բացի դրանից, կանայք ավելի հաճախ են բախվում այլ բարդացումների՝ օրինակ դիաբետի, ինչի պատճառով էլ ինֆարկտը ժամանակին կանգնեցնելը շատ ավելի բարդանում է։