Օրգանիզմը պոտենցիալ քաղցկեղային ու ծերացած բջիջներից մաքրելու օգնությամբ ծերացումը կանգնեցնելու փորձերը դատապարտված են անհաջողության։ Այս մասին հայտնել են մաթեմատիկոսները PNAS ամսագրում հրապարակված հոդվածում։
«Մեր գործընկերները վաղուց են փորձում հասկանալ, թե ինչու են մարդիկ ու մյուս կենդանի արարածները ծերանում, հիմնականում այն տեսակետից, թե ինչու բնական ընտրությունը մեզ առայսօր անմահ չի դարձրել։ Հարցն ինքնին նրանց ստիպում է մտածել այն մասին, որ ծերացումը կանգնեցնել հնարավոր է էվոլյուցիոն ճանապարհով։ Իսկ մենք ասում ենք, որ մենք ոչ թե պարզապես չենք հասել այս կետին, այլեւ այն, որ դրան ըստ էության անհնար է հասնել», - ասում է Ջոանա Մազելը Արիզոնայի համալսարանից։
Վերջին տարիներին գիտնականները վիճում են այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում ծերացումը ու մահը։ Որոշ էվոլյուցիոնիստներ համարում են, որ այդ պրոցեսը պատահական չէ ու վերահսկվում է յուրատեսակ «մահվան ծրագրով»՝ գեների որոշակի հավաքածու, որը ստիպում է, որ մարմինը ծերանա ու մահանա։
Այլ գիտնականներ կարծում են, որ ծերացումը մուտացիաների ու բջիջների վնասվածքների լրիվ պատահական գործընթաց է, որը հանգեցնում է օրգանիզմում այսպես կոչված «ծերացած» բջիջների կուտակմանը։ Դրանք որդերի օրգանիզմից հանելը նկատելիորեն երկարացրել է նրանց կյանքը, ինչպես ցույց են տվել փորձերը։
Նման փորձերը ստիպել են շատ գիտնականների կարծել, որ նման բջիջները ժամանակին հեռացնելու դեպքում հնարավոր է դանդաղեցնել ծերացումը կամ էլ ամբողջովին կանգնեցնել այն։
Գիտնականները ստեղծել են մարդու օրգանիզմի մոդելը, որը բաղկացած է իրար հետ կապակցված բազմաթիվ բջիջներից, որոնց կենսունակությունն աստիճանաբար նվազում էր։ Դա տեղի էր ունենում երկու պատճառներով՝ իրար աջակցելու բջիջների ունակության նվազման ու նրանց միջեւ կապերի վատացման պատճառով։
Այդ ծերացումը հնարավոր է կանգնեցնել միայն այն դեպքում, եթե օրգանիզմում ներկա լինեն բջիջներ, որոնք չեն «ենթարկվի» ընդհանուր նորմերին ու կսկսեն մրցակցել հարեւանների հետ, փոխարինելով ավելի թույլ ու շարքից դուրս եկած բջիջները։ Ի սկզբանե նման գործըթնացը բարերար է ազդելու օրգանիզմի վրա, բայց գիտնականների հաշվարկները ցույց են տալիս, որ այն կհանգեցնի բջիջների միջեւ համագործակցության աստիճանական նվազմանը։
Այդ գործընթացի տրամաբանական ավարտը քաղցկեղն է, երբ «համագործակցության» մակարդակը նվազում է մինչեւ զրո, բջիջները սկսում են անվերահսկելիորեն բազմանալ, ինչը վերջին հաշվով կհանգեցնի ամբողջ օրգանիզմի կործանմանը։ «Բնական ընտրության» ու բջիջների միջեւ մրցակցության բոլոր մնացած տարբերակները , ինչպես գիտնականներն են նշում, ի սկզբանե վատացնում են օրգանիզմի աշխատանքը ու արագացնում են ծերացումը, այլ ոչ թե դանդաղեցնում այն։
Այդ հասարակ նկատառումը, ինչպես նշում են հետազոտողները, բացատրում է, թե ինչու են բոլոր բազմաբջիջ օրգանիզմները ծերանում ու մահանում ու ինչու էվոլյուցիան առայսօր չի հանգեցրել կենդանի արարածների իսկական «անմահության»։






