Ուղեղի իլիկաձև գալարի որոշ հատվածներ պատասխանատու են ընկալման միայն մեկ որոշակի տեսակի համար՝ օրինակ դեմքերի կամ գույների ճանաչման, պարզել է գիտնականների միջազգային թիմը, որն օգտագործել է ուղեղի խորը ստիմուլյացիա էպիլեպսիայով տառապող 26 –ամյա հիվանդի վրա։ Արդյունքում հիվանդը տեսել է գույներ ու դեմքեր այնտեղ, որտեղ դրանք չկան, ասվում է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հոդվածում։
Աշխատության հեղինակները ստուգել են ընկալման և ճանաչման համար պատասխանատու ՝ ուղեղի տարբեր հատվածների ֆունկցիոնալ բացառիկությունը, օգտագործելով ուղեղի խորը (ինվազիվ) ստիմուլյացիայի մեթոդը։ Հետազոտությանը մասնակցել է էպիլեպսիայով տառապող մեկ հիվանդ՝ նրա ուղեղում տեղադրվել են էլեկտրոդներ՝ հնարավոր նոպաները վերահսկելու նպատակով։ Այդ էլեկտրոդների առկայությունը թույլ է տվել հետազոտողներին ընտրել ստիմուլյացիայի համար որոշակի հատվածներ, մասնավորապես՝ իլիկաձև գալարի առանձին հատվածներ, որոնք մասնակցում են տարբեր օբյեկտների ու դրանց նշանների ճանաչմանը՝ ձևերից ու գույներից սկսած մինչև դեմքեր ու վայրեր։ Հետազոտողները ստիմուլացիայի են ենթարկել իլիկաձև գալարի երկու հատվածները՝ այն հատվածը, որը պատասխանատու է դեմքերը ճանաչելու համար ու այն հատվածը, որն ընկալում է գույները։
Հետո գիտնականները խնդրել են հիվանդին նկարագրել, թե ինչ է նա տեսնում տվյալ հատվածների ակտիվ ստիմուլյացիայի ժամանակ։ Իլիկաձևև գալարի այն հատվածի ստիմուլյացիայի ժամանակ, որը պատասխանատու է դեմքերի ճանաչման համար, հիվանդին թվացել է, թե փորձ անողների դեմքերը փոխվում են, իսկ առանձին իրերին ՝ տուփին կամ ռեզինե գնդակին նայելիս հիվանդը նաև հայտնել է, որ այդ իրի վերևում դեմքի մասեր է տեսնում՝ աչքեր ու բերան։ Իսկ գունային ընկալման համար պատասխանատու հատվածի խթանման ժամանակ հիվանդը ծիածան էր տեսնում՝ նույնպես իրերի վերևում։
Չնայած ուղեղի որոշակի հատվածների ստիմուլյացիան ստիպել էր հիվանդին տեսնել այն, ինչ իրականում գոյություն չունի, բայցևայնպես նրան իրականում ցուցադրված օբյեկտների՝ տուփի կամ գնդակի մասին նրա ընկալումն անփոփոխ է մնացել՝ ստիմուլյացիան պարզապես հիվանդի ընկալման մեջ «հավելել է» որոշակի օբյեկտներ ու դրանց նշանները։ Դրա հիման վրա գիտնականները եզրակացրել են, որ ստիմուլացվող հատվածներն իրոք բացառիկ ֆունկցիա ունեն՝ դեմքի կամ գույների ճանաչումը։






