Առհոսումները, որոնց հետ շատ կանայք բախվում են դաշտանադադարի ժամանակ, կարող են կապակցված լինել սրտի հիվանդությունների ու քնի ապնոէի զարգացման հավանականության բարձրացման հետ։ Այս մասին հայտնում են նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Menopause ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է միջին տարիքի 1700 կին։ Մասնակից կանանց շուրջ 25 տոկոսը հակված է եղել քնի օբստրուկտիվ ապնոէի՝ տարիքի, ճարպային կուտակումների, արյան ճնշման բարձրացման պատճառով։ Գիտնականները պարզել են, որ ծանր առհոսումով մասնակիցները գրեթե կրկնակի հաճախ են բախվում քնի օբստրուկտիվ ապնոէի խնդրին, քան թեթեւ առհոսումով կամ առհասարակ առհոսում չունեցող կանայք։
Ինչպես հայտնի է, քնի ապնոէի դեպքում շնչառությունը բազմիցս կանգ է առնում ու վերականգնվում քնի ժամանակ վերին շնչառական ուղիների արգելափակման պատճառով։ Մասնագետի խոսքով՝ քնի ապնոէն ավելացնում է սրտի հիվանդությունների, հիպերտոնիայի, ինսուլտի, դեպրեսիայի ու վաղաժամ մահվան հավանականությունները։
Սակայն հետազոտողները շեշտում են, որ առհոսումների ու քնի օբտրուկտիվ ապնոէի միջեւ իրենց հայտնաբերած կապը կարող է պատճառահետեւանքային չլինել։
Նշենք, որ վերջերս գիտնականները գտել են 14 գենետիկ տարբերակներ, որոնք կապակցված են հենց առհոսումների հետ։ Տվյալ տարբերակներն ազդում են ուղեղում գտնվող ռեցեպտորի վրա, որը կանոնակարգում է էստրոգենի արտազատումը։ Տեսականորեն, եթե այդ տարբերակներն անջատեն, ապա առհոսումների մասին հնարավոր կլինի մոռանալ։






