Շատ զույգեր ցանկանում են, որ արտամարմնային բեղմնավորման ժամանակ կնոջ արգանդ միանգամից մի քանի էմբրիոն տեղադրեն, որպեսզի հաջող բեղմնավորման շանսերը մեծանան։ Սակայն Կոլորդայի եււ Դյուկի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը ցույց  է տվել, որ հաջող հղիության եւ կենդանի երեխա լույս աշխարհ բերելու համար մեկ  առողջ էմբրիոնի տեղադրումն էլ բավարար է։

Գիտնականների խոսքով՝ եթե կինը արտամարմնային բեղմնավորումից հետո երկվորյակներով կամ եռյակով է հղիանում, մեծ է հավանականությունը, որ նրանք ժամկետից շուտ կծնվեն՝ ցածր քաշով կամ դրա հետ կապված այլ խնդիրներով։ Իհարկե, մի քանի սաղմի տեղադրումն օգնում է գումար խնայել, բայց գիտնականները կարծում են, որր ավելի լավ  է ամեն դեպքում մեկ լավ սաղմ տեղադրել։

Նշենք, որ արտամարմնային բեղմնավորման պրոցեդուրան ակտիվորեն կիրառվում է դեռ 1970-ական թթ․-ից, սակայն կրիոգենային սառեցման հուսալի տեխնոլոգիաների ի հայտ գալով՝ ավելի ու ավելի շատ կանայք են սկսել մատչելի գնով դոնորական ձվաբջիջներ կամ սեփականը սառեցնել։ Ավանդական արտամարմնային բեղմնավորման ժամանակ օգտագործում են պացիենտի կամ դոնորի   թարմ ձվաբջիջները։ Դրանք բեղմնավորում են սպերմատոզոիդներով, իսկ հետո տեղադրում են կնոջ արգանդում։

Ամերիկացի հետազոտողները համեմատել են թարմ եւ սառեցված պատվաստած ձվաբջիջները։ Պարզվել է, որ առաջինի դեպքում հաջող հղիության հավանականությունը մի փոքր ավելի մեծ է եղել։ Սակայն մեկ սաղմի տեղադրումն էլ բավական է եղել, ուստի կարիք չկա կնոջ արգանդ միանգամից մի քանի էմբրիոն տեղադրել։