Ծաղկազարդ կամ այլ պատկերներով նախշազարդված ապակյա սպասքը պարունակում է մեծ քանակությամբ կադմիում ու կապար՝ թունավոր ծանր մետաղներ, ասվում է հոդվածում, որը հրապարակվել է Science of the Total Environment ամսագրում։

«Մենք շատ զարմացել էինք, որ կապարի ու կադմիումի այդքան բարձր մակարդակ ենք հայտնաբերել բաժակների ու ամանների ներսի կողմում, նաեւ դրանց եզրերին։ Նման սպասքի երկարատեւ գործածումը կարող է հսկայական առողջական խնդիրներ առաջացնել, դրա համար էլ ապակյա սպասք արտադրողները պետք է շտապ միջոցներ ձեռնարկեն»,- հայտնել է Էնդրյու Թերները՝ Պրիմուտի համալսարանից։

Թերներն ու նրա գործընկերները բացահայտել են ծանր մետաղների եւս մեկ հնարավոր աղբյուր՝ ուսումնասիրելով , թե ինչ նյութեր են գործածում արտադրողներն ապակյա սպասքի վրա պատկերներ ստանալու համար։ Շարժական ռենտգենային սպեկտրոմետրի օգնությամբ բրիտանացի քիմիկոսը ուսումնասիրել է Մեծ Բրիտանիայում վաճառվող մոտ 7 տասնյակ բաժակների ու ամանների վրա օգտագործված ներկերի քիմիական բաղադրությունը։

Արդյունքները զարմացրել են նրան, դեպքերի մեծ մասում նա հայտնաբերել է ծանր մետաղների բարձր մակարդակ՝ երբեմն տասնյակ կամ անգամ հազարավոր անգամ բարձր նորմայից։

Ընդ որում թույների խտությունը կախված էր ներկի գույնից ու տեսակից։ Օրինակ կարմիր, նարնջագույն, դեղին ու կանաչ երանգներում կադմիումի ու կապարի պարունակությունը շատ բարձր է եղել, իսկ ահա սպիտակ ներկը նվազ թունավոր է եղել։

Բրիտանացի քիմիկոսների հետագա փորձերը ցույց են տվել, որ դեպքերի մեծ մասում ներկերի մասնիկները կարող են պոկվել ապակուց ու հայտնվել մարդու բերանի մեջ, երբ նա նման բաժակից ինչ-որ բան է խմում ։ Թերների կարծիքով, նման բաժակներն այդ առումով շատ վտանգավոր են առողջության համար։

Հետաքրքիր է, որ թունավոր է եղել ոչ միայն Չինաստանում արտադրված սպասքը, այլեւ եվրոպական արտադրանքը։ Գիտնականների խոսքով՝ դրա պատճառն այն է, որ արդյունաբերողներն օգտագործում են ոչ թե անվտանգ օրգանական ներկեր , այլեւ դրանց առավել էժանագին հանքային անալոգները, իսկ սանիտարական ծառայությունները պարզապես չեն հետեւում դրան։ Թերների կարծում է, որ հանքային ներկերի փոխարինումը օրգանական ներկանյութերով կարող է լուծել այդ խնդիրը։