Մեծ քանակությամբ տրանսճարպեր պարունակող սննդամթերքից հրաժարվելը էապես կրճատում է ինսուլտի զարգացման հավանականությունը, պնդում են Յելի համալսարանի հետազոտողները։ Նրանք խորհուրդ են տալիս սննդակարգից բացառել չիփսերը, կրեկերները, տապակած մթերքները եւ պատրաստի հացաբուլկեղենը։
Տրանսճարպերն ու տրանսճարպային թթուները արհեստական ճարպեր են, որոնք ձեւավորվում են բուսական յուղերը տարբեր բաղադրիչներով, օրինակ, ջրածնով մշակելու ժամանակ, որն անհրաժեշտ է այն ավելի կարծր դարձնելու համար։ Համարվում է, որ մեծ քանակությամբ տրանսճարպեր պարունակող մթերքներ օգտագործելը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը, որը մարդկանց մահացության հիմնական պատճառն է։
Վերլուծելով Նյու Յորքում վերջին 10 տարում մարդկանց հոսպիտալացման վիճակագրությունը՝ գիտնականները պարզել են, որ սննդակարգում մեծ քանակությամբ տրանսճարպեր պարունակող մթերքներն, իրոք, մեծացնում են ինսուլտի եւ ինֆարկտի ռիսկերը։ Այդ մթերքներից հրաժարվելը նպաստում է այդ մահացու խախտումների ցուցանիշների նվազմանը։






