Ֆրանսիայից 33-ամյա Ֆրենք Դյուֆուրմանտելը ողջ է մնացել մաշկի 95 տոկոս այրվածքներ ստանալուց հետո, որը բժշկության մեջ անհուսալի դեպք է համարվում: Նրան օգնել է մաշկի ամբողջական փոխպատվաստումը, որը հնարավոր է դարձել երկվորյակ եղբոր շնորհիվ, որը հանուն նրա զոհաբերել է սեփական մաշկի 50 տոկոսը: Այս վիրահատությունը դարձել է բժշկության պատմության մեջ մաշկի ամենանշանակալի փոխպատվաստումը:

Ֆրենքը տուժել է քիմիական նյութերի հետեւանքով, որոնք նրա մարմնի վրա են թափվել քիմիական գործարանում աշխատանքի ժամանակ: Քիմիական նյութերը բռնկվել են, եւ տղամարդը հաշված վայրկյանների ընթացքում վերածվել է կենդանի ջահի: Երբ նրան տեղափոխել են տեղական հիվանդանոցի այրվածքային բաժանմունք, բժիշկները նրա ողջ մնալու հավանականությունը 1 տոկոս են գնահատել:

Սակայն նրա շանսերն էապես աճել են, երբ հայտնի է դարձել, որ տուժածը միաձու երկվորյակ եղբայր ունի: Նման այրվածքներով մարդիկ մահանում են, քանի որ օրգանիզմը պարզապես ընդունակ չէ այսպիսի քանակությամբ նոր մաշկ վերատադրել, եւ սիրտը չի հաղթահարում շոկը: Սակայն երվորյակ եղբայրը  կարող է զգալի քանակությամբ դոնորական մաշկ տրամադրել, որը օրգանիզմը նորմալ կընդունի: Նման գենետիկայի շնորհիվ երկվորյակ եղբայրը կատարյալ դոնոր է:

Դժբախտ դեպքից հետո Ֆրենքին դրել են արհեստական կոմայի մեջ, իսկ տեղացի վիրաբույժները սկսել են փոխպատվաստմանը պատրաստվել: Այս վիրահատության անցկացման համար նրանք Ֆրանսիայի Կենսաբժշկական գործակալության թույլտվության կարիքն ունեին:

Հիվանդին փոխպատվաստմանը պատրաստելու համար բժիշկները ստիպված էին 2 վիրահատություն կատարել: Մաշկի բուն փոխպատվաստումը 3 փուլով է կատարվել՝ կլինիկայում գտնվելու 7-րդ, 11-րդ եւ 44-րդ օրը: Հիվանդն ընդհանուր առմամբ մոտ 10 վիրահատության է ենթարկվել: Դոնորից վերցվել է մաշկածածկույթի 50 տոկոսը (գլխի մազածածկ հատվածից, մեջքից եւ ազդրերից)՝ հատուկ մեքենայի միջոցով ստացած մաշկը ձգելով Ֆրենքի մարմնի վրա: 9 վիրահատություն անցկացնելով՝ բժիշկներն անհուսալի հիվանդին ոտքի են կանգնեցրել: Այսօր նա քայլում է եւ նույնիսկ պինգ-պոնգ խաղում, սակայն դեռեւս ամբողջական շարժունակությունը չի վերականգնվել: