ԱՄՆ–ում երեխաների եւ դեռահասների մոտ, որոնք ծորակի ջուր չեն խմում, ավելի հաճախ է կարիես առաջանում, պնդում են Հյուսիսային Կարոլինայի նահանգի համալսարանի գիտնականները։
American Journal of Preventive Medicine ամսագիրը հայտնում է, որ այդ նույն ժամանակ ծորակի ջուրը կապ ունի արյան մեջ արճճի մակարդակի աճի հետ։
Մասնագետներն ուսումնասիրել են 16 հազար երեխաների ու դեռահասների առողջական վիճակը, որոնք մասնակցել են 2005-2014թթ. NHANES (National Health and Nutrition Examination Survey) երկարաժամկետ հետազոտությանը։ Կամավորները սննդակարգի մասին հարցաթերթիկներ են լրացրել, անցել ատամնաբուժական զննում եւ արյան անալիզ հանձնել։ Ստացված տվյալները ներառել են նաեւ օրգանիզմում ծանր մետաղների քանակը, կարիեսի առաջացման ու ծորակի ջրի օգտագործման հաճախականությունը։
Երեխաների շուրջ 3 տոկոսի մոտ արյան մեջ արճճի քանակը նորմայից շատ է եղել(արյան 1/10 լիտրին՝ 3 միկրոգրամ արճիճ)։ Մասնակիցների 49.8 տոկոսի մոտ հայտնաբերվել է տարբեր աստիճանի ծանրության կարիես։ Ծնողների մոտ 15 տոկոսն ասել է, որ իրենց երեխաները միայն շշալցված ջուր են խմում։ Մյուսներն իրենց երեխաներին ծորակի ջուր են տվել։ Այն երեխաները, որոնք հրաժարվել են ծորակի ջրից, ավելի հաճախ են կարիեսի ռիսկի ենթարկվում, քան նրանք, ովքեր սովորական ջուր են խմել։ Սակայն արճճի պարունակությունը նրանց արյան մեջ ցածր է եղել։
Այս սովորական թվացող բացահայտումը գիտնականները բացատրում են նրանով, որ ծորակի ջրի մեջ ֆտոր են ավելացնում, որը կանխում է ատամի էմալից հանքային աղերի լվացումը։ Շշալցված ջուրը թեպետ չի օգնում ատամներին, բայց դրա փոխարեն կրճատում է արյան մեջ արճճի քանակը, պնդում են գիտնականները։
Չնայած ատամների վրա ունեցած դրական արդյունքին՝ ծորակի ջուրը միշտ չէ դրական ազդեցություն ունենում օրգանիզմի վրա ընդհանուր առմամբ, քանի որ ջրի ոչ բավարար զտումը վնաս է հասցնում ստամոքսին, մաշկին եւ մազերին։ Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադիր ուսումնասիրել ջրի բաղադրությունը, որը խմում եք, եւ եթե անհրաժեշտ է, ջրի ֆիլտրեր ընտրել։






